Ռամիլ Սաֆարովն ուշադիր հետևում էր Ալիև-Փաշինյան հանդիպմանը, իսկ Ռոբերտ Քոչարյանն իր բանտախցում․․․ (տեսանյութ)

Առաջին «բուֆերային զոնան» Արցախում՝ կլինի Հայաստանի դարավոր պատմության վերջի սկիզբը

Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում Արցախյան հիմնահարցի վերաբերյալ Ալիևի հետ քննարկման համար դահլիճ մտնող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ըստ հոգեբան, քաղաքական հոգեբան, «Մադաթյան» հոգեբանական կենտրոնի ղեկավար Միհրդատ Մադաթյանի, կորացած, խեղճացած մի մարմին էր՝ դեմքի ագրեսիվ արտահայտությամբ, դունչը, ծնոտը մի փոքր առաջ տված, աչքերի մեջ մի փոքր մոլորվածության, հուսահատ ագրեսիայի նշույլներով։ Մասնագետի հավաստմամբ, Փաշինյանը ճիշտ նույն վիճակում էր նաև 2018թ․ «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում Սերժ Սարգսյանի հետ հանդիպման գնալիս, որովհետև 2018 թվականին էլ ինքը հանդիպում էր իրենից շատ հզոր մի մարդու հետ, ում հետ դեռ չգիտեր՝ առճակատմա՞ն է գնալու, և այդ առճակատմանը հաղթելո՞ւ է, թե ոչ․․․

Միհրդատ Մադաթյանի համոզմամբ, այսօր Արցախն ավելի շատ է վտանգված, քան 90-ական թվականներին, այսօր վտանգի տակ են ոչ միայն ազատագրված յոթ շրջանները, այլև Արցախը։

«2018-ին երբ այս բռնի իշխանափոխությունը լինում էր, ես ասում եմ ու էլի կասեմ, որ առաջնային նպատակը հողեր հանձնելն է լինելու»,- LIVEnews.am-ի տաղավարում ասաց քաղաքական հոգեբանը, որի կարծիքով, 2018-ին հեղաշրջումն անում էր մի մարդ, որն իր արժեհամակարգի մեջ չուներ «հայրենիք» գաղափարը։

«Ինչ վերաբերում է «հեղափոխություն» բառին, այս մարդն այդ բառի վրա մի փոքր շեղված է»,- ասաց Միհրդատ Մադաթյանը։

«Ռամիլ Սաֆարովը կա, Ռամիլ Սաֆարովի կողմից էր եկել Ալիևը քննարկմանը մասնակցելու, Ռամիլ Սաֆարովը, տանը նստած, ուշադիր հետևում էր այդ հանդիպմանը, հպարտանում էր իր նախագահի համար, ինչը մեր մասով չենք կարող ասել՝ նույնիսկ հաշվի առնելով, որ նման հանդիպումների ժամանակ (ինչքան էլ ես քննադատեմ Նիկոլ Փաշինյանին) նույնիսկ Ռոբերտ Քոչարյանն, իր բանտախցում, այդ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանի մեջքին էր, այդ հանդիպմանը, նման հանդիպումների ժամանակ մենք բոլորս կանգնած ենք Նիկոլ Փաշինյանի մեջքին, որովհետև քննադատելը մի բան է, Ադրբեջանի հետ հարաբերությունները լրիվ ուրիշ բան են, ներընտանեկան խնդիրներն ընտանիքից դուրս չեն հանում»,- ասաց Միհրդատ Մադաթյանը։

Ըստ մեր հյուրի, Նիկոլ Փաշինյանն արժանավայել, արժանապատիվ չներկայացրեց մեր ժողովրդին, որ հպարտություն ունենանք որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի։

«Ես ադրբեջանցուց խնդրելու ոչինչ չունեմ, ես ադրբեջանցուն զիջելու ոչինչ չունեմ, ես ադրբեջանցուն ոչ մի բան պարտական չեմ ու ինձ բոլորովին չի հետաքրքրում Ադրբեջանի քաղաքացիների կարծիքը, հանդուրժողականությունը ու մնացած բոլոր բաները,- ասաց քաղաքական հոգեբանը։- Եթե Ադրբեջանը վաղը մայրցամաքից վերանա, ես ուղղակի դա որպես փաստ կընդունեմ»։

Ինչո՞ւ է այս վիճակն առաջացել, ինչո՞ւ մենք Մյունխենում ունեցանք այն, ինչ ունեցանք։

«Այս ամենը գալիս է նրանից, որ Նիկոլ Փաշինյանը չի պատկերացնում հողի համար արյուն տալն ինչ բան է, ինքը չգիտի զենքն ինչ բան է, իր համար զոհված զինվորն ինֆորմացիա է «Հայկական ժամանակ» թերթում, ոչ թե ողբերգություն է, որը լինում է ողջ ազգի համար,- ասաց Միհրդատ Մադաթյանը։- Այսօր մենք բանակում, նույն խրամատում ունենք և «սև» երեխա, և «սպիտակ», ովքեր այնքան թշնամացած են իրար հետ, որ որոշակի պարագաներում կարող են իրար խփել, և ոչ թե թուրքին։

Այսօր մենք հանրության մեջ ունենք այդպիսի իրավիճակ, մի հատ տեսեք այդ հայհոյախոսությունները ու մնացած բաները, ատելությունը, որ Նիկոլ Փաշինյանը լցրել է այս ժողովրդի մեջ, ու, բնականաբար, մենք այսօր հայրենիքը պահելու պահին այդ ատելությունը մեր մաշկի վրա զգալու ենք․․․ Եթե մենք մեր ազգակցին չենք թողնում մեր տուն մտնի, որովհետև այլ մոտեցումներ ունի քաղաքական, խրամատում բա ո՞նց պետք է լինենք իրար հետ, մենք հո չե՞նք կարող խրամատում բարիշել, չե՞նք բարիշելու, չէ՞, մենք արդեն 2 տարի իրար միս ենք ուտում, իրար հայհոյում ենք, իրար անպատվում ենք, իրար սպառնում ենք, դուշման ենք հանում, ծեփում ենք պատերին․․․

2016-ին սահմանը պահել են նաև «շնաբարո դուրսպրծուկները» (սա Նիկոլ Փաշինյանի խոսքն է), և Արցախյան ազատամարտի ժամանակ են եղել շնաբարո դուրսպրծուկներ, որոնք նույնպես պահել են սահմանը։ Ու այսօր արդեն, այն ժամանակ չենք իմացել, որ նրանք շնաբարո դուրսպրծուկ են, ինֆորմացրեց մեզ Նիկոլ Փաշինյանը, ու երբ որ ես գնամ սահմանը պահելու, ես իր կողմնակցի համար, որը նույնպես սահմանը պահող է, լինելու եմ շնաբարո դուրսպրծուկ, ու ինքը հնարավորություն է ունենալու ինձ ճակատից խփի, զենքը ձեռքն է լինելու, հասկացա՞ք․․․ Բա Նիկոլն էլ ասել է՝ ոչնչացնելու եմ, ինքն էլ ոչնչացնելու է, մենք այսպիսի բանակ ենք ուզում ու այսպե՞ս ենք մեր անվտանգությունն ապահովում․․․»։

Մանրամասները՝ տեսանյութում