Այսօր Դերենիկ Դեմիրճյանի ծննդյան օրն է
Այսօր լրանում է գրող, հրապարակախոս, բանաստեղծ, արձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Դերենիկ Դեմիրճյանի ծննդյան 143-ամյակը։ Ծնվել է 1877 թվականի փետրվարի 18-ին Ջավախքի Ախալքալաք քաղաքում։ Նախնական կրթությունն ստացել է տեղի ծխական դպրոցում։ 1897 թվականին ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան ճեմարանը, այնուհետև 1909-ին Ժնևյան համալսարանի մանկավարժական ֆակուլտետը: Բանաստեղծի վրա մեծ ազդեցություն է ունեցել ճեմարանի ուսուցիչ, բանաստեղծ Հովհաննես Հովհաննիսյանը։
1893 թվականին «Տարազ»-ում լույս է տեսել Դեմիրճյանի առաջին՝ «Ապագան» բանաստեղծությունը, աշխատակցել է «Տարազ», «Մուրճ», «Նոր հոսանք» պարբերականներին։ Նրա հատկապես երկու գործերը` «Քաջ Նազար» կատակերգությունը և «Վարդանանք» վեպը, հայ գրականության ամենասիրված գործերից են: Դեմիրճյանը եղել է Հովհաննես Թումանյանի հիմնած «Վերնատուն» գրական խմբակի անդամ։
1898-ին Դեմիրճյանն անակնկալ նամակ է ստանում Ավ. Ւսահակյանից՝ «բանաստեղծական դասերով» և անձնական մտերմության հրավերով։ Շուտով նա հայտնվում է Վարպետի հայրենական հարկի տակ և նրա իսկ խորհրդով տեղափոխվում Թիֆլիս՝ ստանձնելով Հայոց բարեգործական ընկերության տեխնիկական քարտուղարի պաշտոնը։ Նրանց բարեկամությունը շարունակվեց մինչև Դեմիրճյանի կյանքի վերջը:
Ահա, թե ինչ է ասել Ավետիք Իսահակյանը նրա մասին․ «Նա հոգեբանական անալիզի վարպետ է, ունի դիտող սուր աչք, թափանցող միտք, օժտված է հումորով, նրա լեզուն յուրահատուկ է՝ անհատական մի ոճ, որ գեղեցիկ է ինքնին՝ հարուստ ինքնուրույն պատկերներով, անսպասելի մետաֆորներով, թևավոր դարձվածքներով: Այս բոլորը որոշ չափով նոր գեղեցկություն են բերում մեր գրական ոճի մեջ»։