2020 թ․ հուլիսի 1-ից Արցախի հետ բջջային կապի ռոումինգ ծառայության սակագները ավելի կնվազեն

ԱՀ նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպմանը քննարկել ենք ռազմարդյունաբերության համալիրի զարգացման վերաբերյալ մի շարք հարցեր:

«Արցախպրեսի» տեղեկացմամբ, ասել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը՝ նշելով, որ Արցախում կան ընկերություններ, որոնք ռազմարդյունաբերության ուղղությամբ բավականին լավ պոտենցիալ ունեն:

«Մենք այսօր ծանոթացել ենք այդ ընկերությունների ունեցած հնարավորություններին և քննարկել, թե ինչպես կարելի է որևէ կերպ աջակցել և համագործակցել»,-հավելել է նախարարը:

Նա ընդգծել է, որ ԱՀ նախագահի հետ քննարկել են նաև բարձր տեխնոլոգիական ոլորտին առնչվող մի շարք հարցեր՝ մասնավորապես, կապի հասանելիության զարգացման ծրագրերը և դրանց հեռանկարները: Խոսելով Արցախի հետ բջջային կապի ռոումինգ ծառայության սակագների մասին՝ Հ. Արշակյանն ասել է, որ պայմանավորվածություններն արդեն իսկ ձեռք են բերվել, և 2019 թվականին գների նվազում եղել է:

«2020 թվականի հուլիսի 1-ից Արցախի հետ բջջային կապի ռոումինգ ծառայության սակագները դարձյալ կնվազեն։ Արցախի օպերատորը բավականին մեծ ներդրումային ծրագիր ունի այս տարվա համար: Նա հետևողականորեն աշխատանքներ է իրականացնում ենթակառուցվածքները զարգացնելու ուղղությամբ, որը համացանցի հասանելիության առումով ավելի լայն հնարավորություն կտա ԱՀ բնակչությանը»,- տեղեկացրել է նախարարը:

Նշենք, որ Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության տեղեկացմամբ, Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 18-ին ընդունել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանին: Հանդիպմանը, որին մասնակցում էր ԱՀ էկոնոմիկայի և արտադրական  ենթակառուցվածքների նախարար Լևոն Գրիգորյանը, քննարկվել են Արցախում գիտատար ոլորտների զարգացմանը և այս համատեքստում հայկական երկու պետությունների փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: