Չինաստանում կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 1868-ի

Չինաստանում նոր կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 1868-ի, ապաքինվել է ավելի քան 12,5 հազար մարդ: ՏԱՍՍ-ի տեղեկացմամբ, այս մասին երեքշաբթի հայտարարել է Չինաստանի առողջապահության պետական կոմիտեն:

Կոմիտեի տվյալներով, կորոնավիրուսի հարուցած հիվանդությունից մեկ օրում գրանցվել է 98 մահ, հիվանդանոցից դուրս է գրվել 1701 մարդ։ Չինաստանում նոր տիպի կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը գերազանցել է 72,4 հազարը՝ օրվա ընթացքում ավելանալով 1,8 հազարով:

Նոր կորոնավիրուսի (2019-nCoV) բռնկումը գրանցվել է 2019-ի դեկտեմբերի վերջին, Կենտրոնական Չինաստանի ամենաբազմամարդ՝ 12 միլիոնանոց Ուհան քաղաքում։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ճանաչել է միջազգային մակարդակով արտակարգ իրավիճակ՝ որակելով համաճարակ բազմաթիվ օջախներով: Չինաստանի սահմաններից դուրս վարակի դեպքեր են հայտնաբերվել 25 երկրներում, այդ թվում՝ Ռուսաստանում: