Մենք պատասխանատվություն չենք կրի մի հարցի առնչությամբ, որը չունի պարզ, հստակ, հասկանալի լուծում

Փետրվարի 14-ին հրապարակվեց  «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի հայտարարությունը 2020 թ․ ապրիլի 5-ին կայանալիք հանրաքվեի մասնակցության վերաբերյալ։

Կուսակցության քաղաքական խորհրդի բոլոր անդամների, տարածքային կառույցների պատասխանատուների, պատգամավորների միաձայն որոշմամբ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը որոշել է չմասնակցել Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի անցկացման գործընթացին:

LIVEnews.am-ի հետ զրույցում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանն անդրադառնալով այդ հայտարարությանը, նշեց․ «ԲՀԿ-ն որոշեց չմասնակցել պրոցեսին շատ պարզ պատճառով, մենք երբեք չենք խուսափել քաղաքական պատասխանատվությունից և չենք խուսափելու։ Սակայն գոյություն ունի քաղաքական քայլերի տրամաբանություն, մենք ի սկզբանե հայտարարել ենք, որ հանրաքվեի գաղափարն ինքնին ողջունելի է, ոչ մի տրամաբանության մեջ մարդը չի հերքի, որ հանրաքվեն ուղղակի ժողովրդավարության դրսևորման ամենապարզ ձևն է, սակայն բուն պրոցեսն ունի բազմաթիվ իրավական հարցեր, և ստացվում է այնպիսի իրավիճակ, որ հանրաքվեի պրոցեսը դեռ չսկսած՝ արդեն շատ հարցեր կային»,-ասաց պատգամավորը։

«Մեզ համար ընդունելի չէ յուրաքանչյուր գործընթաց, որն ունի շտկումների կարիք կամ առաջացնում է որոշակի ոչ հստակ հասկացողություն։ Մենք առաջարկություններ արեցինք, ցավոք, մեր առաջարկությունները չընդունեցին և ոչ միայն մենք, այլև իշխանական թևը նույնպես գիտի, որ այնտեղ կան բազմաթիվ հարցեր, բայց մեկ է, իրենք իրենց վրա վերցնում են այդ պատասխանատվությունը, խնդրեմ, թող վերցնեն, ես ոչ մի դեպքում չեմ քննարկում մեր գործընկերների որոշումը, սակայն պատասխանատվությունը մնում է իրենց վրա։ Մենք չենք վերցնի մեր վրա պատասխանատվություն մի հարցի վերաբերյալ, որը չունի պարզ, հստակ, հասկանալի լուծում»,- ամփոփեց պատգամավորը։