Դա աննորմալ թիվ է ոչ միայն հայկական, այլև միլիոնանոց բանակի համար․ Արման Աբովյան

Երբ վտանգվում է երկրի անվտանգության թիվ մեկ հենարանը՝ բանակը, ուրեմն պետությունն այստեղ ինչ-որ տեղ թերացել է։ Վերջին մեկ ու կես ամսվա  ընթացքում Պաշտպանության բանակում եղել է 13 զոհ, ի դեպ, անհայտ պայմաններում կամ ինքնասպանության վարկածով։ Սա Հայաստանի Հանրապետության նման փոքր և պատերազմական գոտում գտնվող պետության համար աննախադեպ է՝ նույնիսկ ահարկու։

Այս թեմայի շուրջ LIVEnews.am-ի թղթակիցը զրուցեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանի հետ, որն ասաց․ «Թույլ տվեք ցավակցություն հայտնել հայ զինվորների հարազատներին, որոնք ինքնասպանություն են գործել։ Սա շատ խորքային և կոմպլեքսային խնդիր է, պետք է հրատապ միջոցներ ձեռնարկել և կանխել այս ամենը։ Տեղեկացնեմ, որ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն արդեն իսկ որոշակի ուսումնասիրություններ է անում և հետամուտ կլինի, ինչքան հնարավոր է, այս խնդրին շուտափույթ լուծում տալ, այն առումով, որպեսզի հասկանանք խորքային պատճառները»։

Պատգամավորը նկատեց․ «Շատ է խոսվում կրիմինալ ենթամշակույթի մասին, այո, դա ունի իր տեղը, կներեք, մինչև դա էլ այն ունեցել է իր դրսևորումները, սակայն այսպիսի ինքնասպանությունների համաճարակ չկար, ինչո՞ւմն է խնդիրը, կարծում եմ, որ պետք է շատ ուշադիր վերլուծվի։ Այս ամենը նաև արտացոլում են այն արհեստական  բաժանարար գծերը, որոնք ցավոք խրախուսվում են հայկական հասարակության մեջ, խոսքը ատելության և անհանդուրժողականության մթնոլորտի մասին է, որն այս կամ այն կերպ ունի ազդեցություն վերջին պրոցեսների վրա։ Բանակը հասարակության խտացված արտացոլումն է, և այստեղ ասել, որ սա կրիմինալ ենթամշակույթ է՝ սխալ է, սա բավականին լուրջ վիճակ է, հասարակությունը սթրեսի վիճակում է, այդ սթրեսն արտացոլվում է նաև  բանակի վրա»։

Խոսելով մեկուկես ամսում զոհերի թվի մասին, մեր զրուցակիցն ասաց․ «Դա աննորմալ թիվ է յուրաքանչյուր բանակի համար, անգամ միլիոնանոց բանակների համար»։

Զինվորները «ինքնասպանություն» են գործում անհասկանալի պայմաններում և իրավիճակներում, այն էլ իրար հետևից։ Պատգամավորը նկատեց․ «Մենք պատասխանատու մարդիկ ենք, առայժմ չփորձենք կանխավարկածներ առաջ քաշել, քանզի քննություն է գնում, և թե՛ հասարակության, թե՛ քաղաքական գործիչների, թե՛ պատգամավորների ուշադրության կիզակետում է այս խնդիրը»։

Արման Աբովյանը խոսեց մի կարևոր խնդրի մասին ևս․ «Այս ինքնասպանության փաստերը սկսել են օգտագործել դավադիր, դավաճան ուժերը, որոնք փորձում են սեպ խրել, Հայաստանի և Արցախի Հանրապետությունների միջև, կիսելով հայ ժողովրդին՝ երևանցի, ղարաբաղցի, գյումրեցի։ Այդ թեզերն առաջ տանողները միանշանակ դավաճան են, ուրիշ բառ չկա»,- ամփոփեց պատգամավորը։

Լուսինե Այրապետյան