Էպիլեպսիա՝ ստվերից դուրս (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հաղորդաշարի հյուրն է «Կյանքի ճանապարհ» հիմնադրամի նախագահ Ելենա Բաղդասարյանը։ Ամեն տարի փետրվարի երկրորդ շաբաթը նշվում է որպես էպիլեպսիայի դեմ պայքարի և այդ հիվանդության մասին տեղեկատվության տարածման օր, իսկ մարտի 26-ը Էպիլեպսիայի դեմ պայքարի միջազգային օրն է։ Որքանո՞վ են մեր երկրում էպիլեպսիայով հիվանդները պետական հոգածության կենտրոնում գտնվում։ Ելենա Բաղդասարյանի տեղակացմամբ՝ իրենց հիմնադրամը միակ կառույցն է, որն զբաղվում է այդ խնդրով մինչև 18 տարին լրացած երեխաների օգնությամբ՝ առողջության վերականգնման, հիվանդության հաղթահարման և երեխաներին հոգեպես սատարելու առումով։ Իսկ պետությունը որոշակի դեղեր է տրամադրում՝ դրանով իր առաքելությունն ավարտված համարելով։

Հայաստանը բացառություն չէ այն երկրների շարքում, որտեղ մանկական քաղցկեղը առաջնային հիվանդություն է համարվում, և պետական ներուժը հիմնականում ուղղվում է այդ հիվանդության դեմ պայքարին։ Մինչդեռ հիմնադրամի նախագահի հավաստմամբ՝ քաղցկեղով հիվանդ երեխաների թիվն անհամեմատ քիչ է էպիլեպսիայով հիվանդ երեխաների թվից։ Հիմնադրամն այսօրվա դրությամբ մինչև 18 տարեկան 5 հազար շահառու ունի, բայց կան բազմաթիվ հիվանդներ, որոնք հաշվառված ու բացահայտված չեն։

Եվ քանի որ պետական ծրագրեր չեն իրականացվում, մեր հասարակության մեջ էպիլեպսիայով հիվանդ երեխաների նկատմամբ թյուր պատկերացումներ են ձևավորված, նրանց նկատմամբ խտրական վերաբերմունք է ցուցաբերվում, ինչի պատճառով շատերը չեն կարողանում լիարժեքորեն սոցիալականացվել, ապրել բնականոն կյանքով և հաղթահարել իրենց խնդիրը։

Մանրամասները՝ տեսանյութում