Ես որևէ մեղք չեմ ընդունել, համաներմամբ ազատ եմ արձակվել. Սուրեն Պապիկյան (տեսանյութ)

«Երեկ հրապարակում կար առ այն, որ ես իմ կենսագրության մեջ ինչ-որ խմբագրումներ, սրբագրումներ եմ արել և թաքցրել եմ իմ կյանքի որոշ հատվածներ, մասնավորապես, դատվածության մասին տեղեկություն եմ թաքցրել։ Գրում են ինչ-որ կտրող-ծակող սուր գործիքների մասին, դա իրականությանը չի համապատասխանում, ես որևէ նման արարք չեմ արել: Իմ մասնակցությունը ոչ կանոնադրային հարաբերություններին է վերաբերում, նաև ես որևէ մեղք չեմ ընդունել, համաներմամբ ազատ եմ արձակվել ու դրանով համարվել է մարված իմ դատվածությունը, դա մոտավորապես եղել է 13-14 տարի առաջ»,- այսօր իր ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը՝ անդրադառնալով երեկվանից իր մասին շրջանառվող այն թեմային, որ թաքցրել է այն փաստը, թե ժամանակին դատապարտված է եղել։

Նախարարը ներկայացրեց, որ հայկական բանակում չի ծառայել, այդ ընթացքում են որոշ խնդիրներ եղել։ «Այն ամենը, ինչ ներկայացվել է, կա որոշակի ճշմարտություն, կա նաև որոշակի թյուր մատնություն»,- շեշտեց նա:

Պապիկյանը նշեց, որ պատմությունը չի թաքցվել ու բոլորն են իմացել այդ մասին։ Նա 2006 թվականի մարտի 27-ին դատապարտվել է 2 տարի 3 ամիս ազատազրկման, սակայն 2007 թվականի փետրվարի 23-ին համաներմամբ ազատ է արձակվել։

Նախարարը դիմեց ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենին և ՀՀ ոստիկանության պետին՝ խնդրելով պարզել, թե ինչպես են իր անձնական տվյալները հասանելի դարձել որոշ լրատվամիջոցների:

Հիշեցնենք, որ մամուլում տեղեկություն էր տարածվել, որ «ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, որը նաև «Քաղպայմանագիր» կուսակցության վարչության նախագահն է և այժմ արդեն սահմանադրական հանրաքվեի «այո»-ի շտաբի ղեկավարը, թաքցրել է, որ ժամանակին քրեական հոդվածով մեղադրանք է առաջադրվել իրեն, և անգամ դատապարտված է եղել։

Մանրամասները՝ տեսանյութում

Զրույց

Опубликовано Սուրեն Պապիկյան/ Suren Papikyan Пятница, 14 февраля 2020 г.