Մեզ իջեցնում են այն նկուղները, որտեղ երբևիցե չենք եղել․ Լարիսա Ալավերդյանը հանրաքվեի մասին

Այն, ինչ արվում է իշխանության եկած խմբի կողմից (ես սկզբունքորեն չեմ անվանում քաղաքական ուժ), ավելի շատ նմանվում է քայքայիչ աղանդների գործունեությանը: Tert.am-ի տեղեկացմամբ, այս մասին «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի «Սահմանադրական անվտանգություն․ մարտահրավերներ և լուծումներ» խորագրով քննարկմանն ասաց «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ գործադիր տնօրեն, ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը՝ անդրադառնալով սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին:

Նրա խոսքով՝ կատարվողի գերնպատակը հասարակությունն ամբողջովին բզկտելն է՝ սոցիալական համերաշխությունից ինչքան հեռու, այնքան լավ սկզբունքով:

«Մենք պետք է լինենք կանգուն և թույլ չտանք, որ երկրի զարգացումը գնա այն մոդելով, որը նշմարեց պատգամավոր Վահագն Հովակիմյանը: Ինձ անհանգստացնում է ընտրովի արդարադատությունը, հիմա իրենք ուզում են ընտրովի Սահմանադրություն»,-ասաց Ալավերդյանը:

Նա նշեց, որ հանրաքվեի հարցը քննարկել է բազմաթիվ ազնիվ մարդկանց հետ, որոնք նշել են՝ արդյո՞ք կարելի է կեղծիքներով ընդունված Սահմանադրությունը համարել լեգիտիմ:

«Այդ դեպքում ես պետք է հստակ ասեմ՝ այս ԱԺ-ն, այս Կառավարությունը, այս վարչապետը լեգիտիմ չեն: Մենք կա՛մ պետք է 2018 թ. մայիսի 9-ին հայտարարեինք, որ սկսվում է ամբողջ Սահմանադրությունը վերանայելու գործընթացը, կամ եթե այդ Սահմանադրության համաձայն արդեն ձևավորել ենք գործադիր և օրենսդիր մարմիններ, ապա պարզվում է, որ այդ Սահմանադրությունը ևս ենթարկվում է ընտրովի արդարադատությանը»,-ասաց ՀՀ առաջին ՄԻՊ-ը:

Նրա խոսքով՝ մենք ստեղծում ենք աննախադեպ նախադեպ. «Ցանկացած նոր իշխանություն իր այդ հիմնավորումներով կասի, որ չի կարող սահմանադրականությունը պահպանել, դրա համար այն պետք է փոփոխվի: Դա մեզ ոչ թե հետ է տանում, այլ տապալում է: Մեզ իջեցնում են այն նկուղները, որտեղ երբևիցե չենք եղել: Քաղաքակրթական վտանգ ևս կա՝ վտանգվում է մեր ամբողջ զարգացումը՝ որպես քաղաքակիրթ ազգ: Պատահական չէ, որ ասում եմ՝ մեզ մի խառնեք վայրի ցեղերին»,-ասաց նա:

Վերջինս կարևորեց միջազգային սկզբունքները: «Իսկ միջազգային սկզբունքները մեզ համար գոյություն ունե՞ն: Նոր իշխանությունները, որոնք դուրս չեն եկել Եվրոպայի խորհրդից, ՄԱԿ-ից, ընդհանուր առմամբ, բանի տեղ դնո՞ւմ են միջազգային նորմերն ու սկզբունքները, որոնք վերաբերում են դատական իշխանությունների անկախությանը»,-նշեց նա:

Ալավերդյանը հղում արեց ՄԱԿ-ի կողմից 1985 թ. ընդունված Փարիզյան սկզբունքների փաստաթղթին՝ նշելով, որ դրանում հստակ ասվում է՝ դատական իշխանությունների անկախությունը պետք է պաշտպանվի և պահպանվի պետության կողմից՝ ամրագրելով դրանք սահմանադրության և օրենսդրության նորմերի մեջ, և որևէ այլ պետական մարմին իրավունք չունի դրանք խախտել:

«Մենք չենք ասելու «ոչ» կամ «այո», մենք շարունակելու ենք մեր 30 տարվա գործունեությունը՝ գիտակից ընտրող, գիտակից քաղաքացի կերտելու դաշտում»,-ամփոփեց իրավապաշտպանը: