Իշխանությունները «на ура» մտնում են հավերժ տեղապտույտի մեջ. իրեն Մեսիա հռչակած Նիկոլը լրիվ մտել է դերի մեջ
Սահմանադրությունը բավականին բարդ կոնցեպտուալ իրավաքաղաքական փաստաթուղթ է, և ոտքի վրա այն մեկնաբանելն ու փողոցային մակարդակի քննարկումներ անելն առաջին հերթին՝ հարված է պետությանն ու պետականությանը։ Սակայն այսօր բոլորս ականատես ենք լինում, թե ինչպես են օրվա իշխանություններն ամեն ինչ անում պետության սահմանադրականությունը ոտքի տակ տալու հարցում։ ՀՀ դատաիրավական համակարգի ամլացման գործընթացը գնալով «ձնագնդի էֆեկտ» է ստանում, քանի որ օրըստօրե իշխանություններն ավելի բացահայտ են ի ցույց դնում ողջ հանրության առաջ, թե ինչքան գերկարևոր է, որ ՍԴ-ում փոխվեն դատավորները։ Անկախ հանրաքվեի արդյունքից (եթե, իհարկե, այն կայանա), որը, պարզ է, հակասահմանադրական է, ՀՀ-ն ընկնելու է երկարաժամկետ խնդիրների մեջ, քանզի յուրաքանչյուր ընտրություն ունի իր ռիսկային հետևանքները, և միայն որոշակի ժամանակ անց է ժողովուրդն իր վրա զգալու այդ ընտրության թողած հետևանքը։ Երբ իշխանությունները խոսում են ներդրումների ու «տնտեսական հեղափոխության մասին», հաշվի չեն առնում այն հանգամանքը, որ ներդրումները սիրում են կայունություն և հանգիստ միջավայր, իսկ յուրաքանչյուր ընտրություն իր հետ բերում է հերթական ցնցումը՝ հանրության մոտ առաջացնելով հերթական սպասման ալիքը՝ անորոշ ժամանակով հետաձգելով ներդրումային հեռանկարը։ Առաջիկայում ՀՀ սպասվող խնդիրների զգալի հատվածը կապված է լինելու այս հակասահմանադրական գործընթացի վերաբերյալ ՀՀ միջազգային գործընկերների ունեցած վերաբերմունքի և արդեն իսկ հնչեցրած բացասական hռետորաբանության հետ։ Իշխանությունները «на ура» մտնում են հավերժ տեղապտույտի մեջ․ նրանք իրենց կառավարման այս ժամանակահատվածում ոչ մի հարցի շուրջ այդպես էլ խորքային ուսումնասիրություն ու վերլուծություն չկատարեցին։ Հետևելով նրանց գործունեության ընթացքին՝ պարզ է դառնում, որ իրենց կատարած որևէ քայլից առաջ՝ լինի դա որևէ ձերբակալություն կամ հնչեցրած հայտարարություն, բացակայում է խորքային հիմքը․ նախ ձերբակալվում են մարդիկ, կամ արվում են հայտարարություններ, հետո նոր միայն սկսում են հետևություններ անել դրանց թողած հետևանքների մասին։
Հ.Գ. Եթե հանրաքվեն կայանա, որը ես շատ խիստ կասկածում եմ, ունկնդրեք Նիկոլին բնորոշ պոպուլիզմին հավատարիմ թեզերը՝ «սա հանրաքվե է՝ ընդդեմ հնի», «սա ՀՀԿ-ի տապալման ու ջախջախման ,այոե-ն է», «ժողովուրդն է իր պետության լիիրավ տերը, ոչ ոք չի կարող դեմ կանգնել ժողովրդի ազատ կամարտահայտմանը», «մենք մեր յուրաքանչյուր քվեին տեր ենք կանգնելու», «հայտնի կանտորաներն ու ֆեյքերը կստանան իրենց համարժեք պատասխանը», և նմանատիպ այլ պաթոսախեղդ լոզունգներ, և, իհարկե, նախընտրական կամպանիան անցնելու է «սևի ու սպիտակի» հերթական բևեռացման ֆոնին։
Հ.Գ.Գ. Ի դեպ, «քավորը» նույնպես Նիկոլնն է, ով իր հռետորաբանության մեջ քանիցս ակնարկել է, որ իր հայտարարած գաղափարին դեմ գնացողը դեմ է գնում ժողովրդին․ ստացվում է, որ իրեն մերօրյա Մեսիա հռչակած Նիկոլը լրիվ մտել է դերի մեջ և փորձում է ամենուր տարածել, ինչո՞ւ ոչ, նաև պարտադրել բացառապես սեփական տեսակետն ու պնդումները։
Արթուր Թովմասյանի ֆեյսբուքյան էջից
Իշխանությունները «на ура» մտնում են հավերժ տեղապտույտի մեջ. Մեսիա հռչակած Նիկոլը լրիվ մտել է դերի մեջ:…
Опубликовано Artur R Tovmasyan Четверг, 13 февраля 2020 г.