Արցախի վրա Ադրբեջանի հարձակումը կընկալենք որպես հարձակում Հայաստանի վրա. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

Միակողմանի գործողություններով հնարավոր չէ ղարաբաղյան հարցը լուծել։ Եթե անգամ ենթադրենք, որ Հայաստանի որևէ իշխանություն միակողմանի գործողություն պետք է ձեռնարկի, ապա այն ոչ թե կլուծի խնդիրը, այլ, ընդհակառակը, կխորացնի։ Այս մասին «Ֆրիդրիխ Էբերտ» հիմնադրամում հանդիպմանը նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով Բեռլինում ադրբեջանցիների համայնքի ներկայացուցիչների հարցերին։

«Ադրբեջանում շատ են սիրում խոսել տարածքների մասին, բայց շատ կարևոր է հասկանալ, որ մենք խոսում ենք անվտանգության մասին։ Ադրբեջանը մի երկիր է, որտեղ մարդուն հերոսացնում են այն բանի համար, որ սպանել է հայի»,- ասաց Նիկոլ Փաշինյանը՝ մանրամասն ներկայացնելով Բուդապեշտում հայ սպային քնած ժամանակ ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովի կացնահարելու գործը, և թե ինչպես ադրբեջանցին հերոսացվել է իշխանությունների կողմից։

Վարչապետը նկատեց նաև այն, որ ժամանակին Ադրբեջանի կողմից ռմբակոծվում էին հայկական բնակավայրերը։ Այդ պատճառով մարդիկ տարիներով չէին կարողանում դուրս գալ նկուղներից։

«Արցախի Հանրապետությունը պատրաստ չէ զիջել իր անվտանգությունը, ինչպես որևէ երկիր պատրաստ չէ զիջել։ Ո՞ր երկիրն է պատրաստ զիջել իր անվտանգությունը։ Այսինքն՝ իրավիճակի լուծումը կարող է կապված լինել անվտանգության երաշխիքների հետ, որոնք չկան և չեն եղել»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։

ՀՀ վարչապետն անդրադարձավ նաև իր այն հայտարարությանը, թե Արցախը Հայաստան է և վերջ։ «Այն ունի շատ պարզ բացատրություն։ Մենք ասել ենք, որ Արցախի վրա Ադրբեջանի հարձակումը մենք կընկալենք որպես հարձակում Հայաստանի վրա։ Հայաստանի Հանրապետությունը Արցախի անվտանգության երաշխավորն է»,- հավելեց Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ Ադրբեջանի կողմից որևէ կառուցողական քայլ բանակցային պրոցեսում Հայաստանը չի տեսել, թեպետ, նա նկատեց, որ հաջողվել է Իլհամ Ալիևի հետ հասնել շփման գծում լարվածության թուլացմանը։

Պատասխանում եմ Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամում անցկացվող քննարկման մասնակիցների հարցերին։

Պատասխանում եմ Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամում անցկացվող քննարկման մասնակիցների հարցերին։

Опубликовано Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան Четверг, 13 февраля 2020 г.