Տյառնընդառաջ՝ նորապսակների օրհնության օր

Արդ, Երուսաղեմում Սիմեոն անունով մի մարդ կար… Եվ նրան Սուրբ Հոգուց հրամայված էր մահ չտեսնել, մինչև որ տեսներ Տիրոջ Օծյալին:

(Ղուկ. 2:25-30)

Հայ Առաքելական Եկեղեցին ամեն տարի փետրվարի 14-ին՝ Քրիստոսի ծնունդից 40 օր հետո, նշում է քառասուն օրական մանուկ Հիսուսին տաճարին ընծայաբերելու տոնը՝ Տյառնընդառաջը։ Սա այն օրն է, երբ Հիսուսին Հովսեփն ու Մարիամը բերեցին տաճար, իսկ նրանց ընդառաջ եկան Սիմեոն ծերունին և Աննա մարգարեուհին ու առաջնորդվելով Սուրբ Հոգով՝ ճանաչեցին Փրկչին: Այստեղից էլ առաջացել է «Տիրոջն ընդառաջ» արտահայտությունը:

Խարույկ վառելը՝ ժողովրդական ավանդույթ

Ըստ ժողովրդական ավանդույթի՝ Տյառնընդառաջի կարևոր ավանդույթը խարույկ վառելն էր և այդ խարույկի շուրջ տոնակատարությունը: Խարույկը վառում էին հիմնականում ցորենի հասկերից: Մարդիկ պտտվում էին խարույկի շուրջը, և երբ բոցը ցածրանում էր, սկսում էին կրակի վրայով թռչել:

 Տոնել 13-ի՞ն, թե 14-ին

 Հարցը, թե երբ է նշվում Տյառնընդառաջը՝ փետրվարի 13-ի՞ն, թե 14-ին, բացատրվում է հետևյալ կերպ. փետրվարի 13-ի երեկոյան ժամերգությունից հետո, եկեղեցական կարգի համաձայն, օրը փոխվում է։ Այսինքն՝ Տյառնընդառաջի կրակը վառում են փետրվարի 14-ին՝ ըստ եկեղեցական օրացույցի, թեև աշխարհիկ օրացույցով դեռ 13-ն է։ Փետրվարի 13-ին կատարվում է նախատոնակ, իսկ արդեն փետրվարի 14-ի առավոտյան մատուցվում է Ս. Պատարագ։

Տյառնընդառաջը՝ նորապսակների օրհնության օր

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի տնօրինությամբ, տոնի օրը հռչակվել է նորապսակների օրհնության օր. Ս.Պատարագից հետո Հայոց եկեղեցիներում տեղի է ունենում նորապսակների օրհնության կարգ:

Տյառնընդառաջի խորհուրդը

Աստծո Սուրբ Հոգին Սիմեոն ծերունուն խոստացել էր. «Մահ չես տեսնի, մինչև տեսնես Տիրոջ Օծյալին»: Նա առաքյալների նման արժանի եղավ այն երանությանը, որի մասին Տերն ասաց. «Երանի ձեր աչքերին, որ տեսնում են, ու ձեր ականջներին, որ լսում են: Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ շատ մարգարեներ ու արդարներ ցանկացան տեսնել, ինչ որ տեսնում եք, բայց չտեսան» (Մատթեոս 13:16-17):

Եվ մեր՝ հավատացյալներիս կյանքում էլ Տյառնընդառաջի խորհուրդը շատ կարևոր տեղ ու դեր ունի. պիտի խորհենք Տիրոջը ավելի մոտենալու, Նրա լույսով լուսավորվելու, ավելի սիրելու Նրան, ձգտելու դեպի երկնային երանությունները:

Ինչպես Քրիստոս իր ծնունդով լույս բերեց երկիր, այնպես էլ եկեղեցու խորաններից վերցնելով և վառելով աստվածասիրության կրակը, վառենք այն նաև մեր հոգիներում: Ընդառաջ գնանք Աստծուն ոչ թե տարին գեթ մեկ օր, այլ ամենօրյա մեր աշխատանքով ու ապրելակերպով՝ անսահման սիրով ու նվիրումով պահպանելով Նրա կողմից սահմանված պատվիրանները, տարածելով սեր՝ այդկերպ հարթելով մեր ճանապարհը դեպի Տերը, գնալով Նրան ընդառաջ:

Եվ երբ մենք մեր առօրյա քայլերով ընդառաջ ենք գնում Նրան, վստահ լինենք, որ Նա էլ ընդառաջ է գալիս մեզ՝ օգնելու մեզ, հարթելու մեր ճանապարհը, ուղեկցելու մեզ մեր աքստվածահաճո ճանապարհին:

Տյառնընդառաջի տոնին Հայաստանյայց բոլոր եկեղեցիներում մատուցվում է Սուրբ և Անմահ Պատարագ:

Աղբյուրը՝ qahana.am