Վահագն Հովակիմյանն առաջարկել է ՍԴ դատավորների ընտրությունը կազմակերպել նաև ԱԺ արտահերթ նիստում

ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի 141-րդ հոդվածի վերաբերյալ, որով սահմանվում է Սահմանադրական դատարանի դատավորների ընտրությունը, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը փոփոխություններ է առաջարկել:

Նախագծում նշվում է, որ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության նախատեսված կարգավորումներն այնպիսին են, որ դրանք արհեստականորեն ձգձգում են գործընթացը:

Ըստ հիմնավորման՝ դատավորի հրաժարականի դեպքում, եթե դա տեղի ունենա գարնանային նստաշրջանի վերջում, օրինակ՝ մայիսին, ՍԴ դատավորի թեկնածու առաջադրող՝ Սահմանադրությամբ նախատեսված մարմինն էլ կկատարի իր պարտավորությունը, միևնույն է, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի առկա կարգավորման պատճառով ՍԴ դատավորի տեղը թափուր կմնա ավելի քան չորս ամիս: Այս փոփոխության նպատակն է «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով խորհրդարանին հնարավորություն տալ, որպեսզի անհրաժեշտության դեպքում ՍԴ դատավորի ընտրությունը կազմակերպվի նաև արտահերթ նիստում: Այսպիսով՝ դատավորի թափուր տեղի համալրման գործընթացը չի ձգձգվի՝ պայմանավորված զուտ ձևական կարգավորումներով:

Նշենք, որ գործող օրենքով Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցը քննարկվում է թեկնածուի առաջադրումից հետո՝ Ազգային ժողովի հերթական նիստերում: Պատգամավորն առաջարկում է օրենքի հերթական բառը փոխարինել առաջիկա բառով, որը հնարավորություն կընձեռի ՍԴ դատավորի թափուր տեղի ընտրության հարցը քննարկել նաև ԱԺ արտահերթ նիստում: