Մենք չենք արձագանքում թվիթերյան անհայտ օգտատերերի կողմից գրված, այնուհետև ջնջված անձնական գրառումներին․ պարոն Կասպրշիկն այցելում է հակամարտության երեք կողմերին էլ․ Աննա Նաղդալյան

Ադրբեջանցի Սամիր Մամադովը «Թվիթերում» գրառում է կատարել այն մասին, որ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը հանդիպել է Արցախի ադրբեջանական համայնքի ղեկավարի հետ։ Գրառումն այնուհետև ջնջվել է։ Թեմայի վերաբերյալ Tert.am-ը մեկնաբանություն է խնդրել ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանից։

– Ադրբեջանցի Սամիր Մամադովը «Թվիթերում» գրառում է կատարել այն մասին, որ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը հանդիպել է Արցախի ադրբեջանական համայնքի ղեկավարի հետ։ Խնդրում եմ մեկնաբանեք, թե ի՞նչ հանդիպման մասին է խոսքը, արդյո՞ք առաջիկայում նմանօրինակ հանդիպումներ լինելու են Արցախի ներկայացուցիչների հետ։

-Մենք չենք արձագանքում թվիթերյան անհայտ օգտատերերի կողմից գրված, այնուհետև ջնջված անձնական գրառումներին։

Ինչ վերաբերում է Ձեր հարցի երկրորդ մասին, ապա, ելնելով իր մանդատից, պարոն Կասպրշիկը այցելում է հակամարտության երեք կողմերին: Նա պարբերաբար հանդիպումներ է ունենում Արցախում Արցախի ընտրված և այլ ներկայացուցիչների հետ, այն է՝ Արցախի իշխանությունների և քաղհասարակության հետ: Պարոն Կասպրշիկի հանդիպումների ժամանակացույցի հետ կապված խնդրում ենք դիմել իր գրասենյակ։