«Եթե թեք ես նայում, ուրեմն պետք է դրա «ատչյոտ»-ը տաս»․ Արմեն Խաչատրյան (տեսանյութ)

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ զորամասում չի կարող քրեական ենթամշակույթ լինել, եթե հանրության մեջ չլինի:

Ի պատասխան հարցադրմանը, որ բանակում մշտապես եղել են միջանձնային հարաբերություններում լարվածություններ, բայց վերջին շրջանում նկատվում է դրանց թվի աճ, պատգամավորը հակադարձեց՝ ընդգծելով, որ դեռևս թվի աճ չկա, թիվը բոլոր տարիներին պահպանվում է, չնայած եթե 1 զոհ կա, պետք է այնպես անել, որ այդ մեկ զոհը չլինի բանակում։ «Քրեական մշակույթի տարրերի առկայությունն է, որ լրջորեն վնաս է պատճառում բանակում զինծառայության գործունեության վրա, այս ուղղությամբ գիտեք, որ միջոցներ են ձեռնարկվել քրեական օրենսգրքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու միջոցով․ քրեական մշակույթին հարելը դարձել է հանցագործություն, սակայն քրեական գործի ավարտից հետո մենք կարող ենք միայն եզրահանգումներ անել», – նկատեց Ա․ Խաչատրյանը։

Վերջինիս խոսքով պաշտպանության հանձնաժողովն այդ խնդիրներն ուսումնասիրում է գրեթե ամենօրյա ռեժիմով և բավականին լուրջ բազմակողմանի ուսումնասիրություններ են կատարվելու, որից հետո իր դիրքորոշումը կհայտնի։

Վարչապետի բարձրաձայնած՝ բանակում վարտիքների միասնական չլավանալու՝ զինվորների ընդդիմանալու հարցին անդրադառնալով՝ Ա․ Խաչատրյանը նկատեց, թե արդյո՞ք պետք է յուրաքանչյուրը տանն ունենա 5-8 լվացքի մեքենա, հետո էլ ասենք վարտիքների համար առանձին մեքենա, վերնաշապիկների համար առանձին։

«Վարչապետի դիտարկումը շատ տեղին էր։ Վարչապետն ուզել է ասել, որ բազմաթիվ գործառույթներ զինվորներից վերցվել է, որ նրանք չանեն՝ տարածքի մաքրություն, զուգարանների մաքրություն, շորերի լվանալ, որպեսզի դա խնդրո առարկա չդառնա, դրա շուրջ վեճեր չբռնկվեն, սակայն եթե քրեական մշակույթը կա, արդեն մտածել են ինչի շուրջ կարելի է թեմա սարքել։ Այսինքն՝ ինչ էլ անենք, ինչքան էլ գործառույթներից զինվորներին ազատենք, փորձենք բոլոր կետերը թիրախավորել և վերացնել, միևնույն է, եթե քրեական ենթամշակույթը կա, մտածելու են մի բան, որի շուրջ վեճ է ծագելու։ Կոնկրետ կարող են ասել՝ ինչու ես ինձ թեք նայում։ Թեք նայելն այստեղ արգելված է։ Եթե թեք ես նայում, ուրեմն, հետևաբար, պետք է դրա «ատչյոտ»-ը տաս։ Ի վերջո քրեական ենթամշակույթը պետք է վերացվի դպրոցներից, ուսումնական հաստատություններից, փողոցներից, ընտանիքներից, որից էլ ձևավորվում է բանակը», – հավելեց Խաչատրյանը։

Մանրամասները տեսանյութում։