Ով կխոչընդոտի ժողովրդի ազատ կամքի արտահայտմանը, կհամարենք հակապետական ուժ․ Նիկոլ Փաշինյան

ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը հարց ուղղեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և հիշեցրեց Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի հարցի քննարկման ժամանակ վարչապետի մի արտահայտության մասին. «Ձեր ելույթում արեցիք մի հայտարարություն՝ ես ուզում եմ ասել, որ բոլոր այն մարդիկ, ուժերը ովքեր կփորձեն իրավական կամ այլ ճանապարհով խոչընդոտ լինել ժողովրդի ազատ կամաարտահայտմանը, նրանք կարժանանան ուժեղ հակահարվածի՝ որպես հակաժողովրդական, հակաժողովրդավարական, հակապետական ուժեր, իսկ բոլոր նրանք, ովքեր կընդունեն ժողովրդի բարձրագույն իրավունքը, նրանք կդասվեն ժողովրդի ապագան կերտող նվիրյալների»,- ապա հարցրեց, թե ինչ նկատի ուներ սա ասելով:

«Շատերը «Գող սիրտը դող» շտապեցին հայտարարել՝ մեզ սպասում են դաժան օրեր: Ի՞նչ նկատի ունեիք, երբ ասում էիք, արդյո՞ք պատրաստվում եք վառել նրանց մեքենաները, որովհետև նման հարցադրում այստեղ է եղել»,- ասաց պատգամավորը:

Ի պատասխան՝ Փաշինյանը նշեց, որ եթե մեքենա վառող լինեին, ապա մինչև հիմա արած կլինեին: «Այդ ո՞ւմ մեքենան ենք վառել, եթե մեքենա վառող լինեինք՝ մեզ հետ չէին խոսի այս տոնով, որովհետև եղել են ժամանակներ, երբ մեքենաներ են վառվել, պադյեզդներում ծեծողներ են եղել, ընդհուպ կրակող, սպանողներ են եղել: Այդ նույն մարդիկ երբեք էդ մարդկանց հետ այդ տոնով չեն խոսել, որովհետև իմացել են, որ դրան իսկապես կարող է հաջորդել մեքենա վառելը, շքամուտքում ծեծելը, որոշ դեպքերում ավելի համոզիչ մեթոդներ»,- շեշտեց նա:

Փաշինյանը հայտարարեց, թե ուրախ է, որ այսօրվա կառավարության պայմաններում այդպիսի տոնայնությամբ խոսակցություններ են կառավարության ու վարչապետի հասցեին հնչեցվում. «Որովհետև այն ժամանակ, երբ ես էդ թեմայով խոսում էի, նաև այսօրվա մի շարք ընդդիմադիր գործընկերներ ուղղակի սփրթնում էին ԱԺ դահլիճում, ես հիմա ուրախ եմ, որ նրանք վերագտել են իրենց վստահությունը»,- նշեց նա:

Նա պարզաբանեց, թե ինչ նկատի ուներ այդ ասելով. «Ասելով՝ ով կխոչընդոտի ժողովրդի ազատ կամքի արտահայտմանը, կհամարենք հակապետական ուժ, ինձ թվացել է, որ մենք՝ բոլոր ժամանակների ընդդիմադիրներս, էդպես ենք վերաբերվել նրանց, որոնք խոչընդոտել են ժողովրդի կամքի ազատ արտահայտմանը»,- ասաց նա:

Փաշինյանը նշեց, որ նկատի չի ունեցել նրանց, ովքեր «Ոչ», «Այո» են քվեարկում կամ չեն քվեարկում:

«Մի հատ կարևոր նրբություն կա, ասել եմ՝ իրավական խոչընդոտ: Ակնարկել եմ, եթե այս որոշումը ՍԴ-ում վիճարկվի, մենք դա կգնահատենք այդպես, որովհետև մենք ասում ենք՝ եկեք գնանք ժողովրդին հարցնենք և ապահովենք ժողովրդի ազատ կամարտահայտությունը, եթե ուժ կա, որ չի ուզում ժողովրդին հարցնի, այլ ուզում է ՍԴ-ից հարցնել, այս իրավիճակում բխում է որոշակի հետևություն»,- ասաց նա և նշեց, երբ ինքն ասում է ժողովրդի կամքի ազատ արտահայտում, պետք է ապահովել, ասում է՝ այդ նույն փաստարկները գնան ժողովրդին ասեն:

«Թող ժողովուրդը ձեր փաստարկներին հավատա և ըստ ձեր փաստարկների քվեարկի, մենք էլ մեր փաստարկները կբերենք»,- ասաց նա:

Նա նշեց, որ կարևոր հանգամանք կա, որը հաշվի չի առնվում. «Եթերում կա 5 ընդդիմադիր հեռուստատեսություն: ՀՀ պատմության մեջ երբեք այսպիսի պայմաններում քվեարկություն չի եղել և երբեք քվեարկություն չի եղել այնպիսի պայմաններում, երբ Հայաստանը մամուլի ազատության չափանիշով աշխարհում 8-րդ տեղում լինի Ֆրանսիայի հետ: Էդ ինչի՞ մասին են խոսում, էդ ո՞ւմ բերանն ենք մենք փակում, էդ ո՞ւմ մեքենան ենք մենք վառում»,- եզրափակեց նա: