Նիկոլ Փաշինյանը գի՞ժ է, որ նրա քաղաքական թիմը դիմի Վենետիկի հանձնաժողով

Արդարադատության նախարարությունը ձկան պես լռել է, թե ինչ է ասել Վենետիկի հանձնաժողովի նախագահը նախարար Ռուստամ Բադասյանին

Օրերս հայտնի դարձավ ՀՀ Սահմանադրությունը հակասահմանադրական ճանապարհով, հանրապետության սահմանադրական կարգի տապալման գնով, բայց, կարևորը, վարչապետ Նիկոլ Փաշինյանի սրտի ուզածով վերաձևելու ՀՀ իշխանությունների մտադրության առնչությամբ Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) գնահատականը:

ԵԺԿ այդ գնահատականը, իհարկե, չափազանց մեղմ է ՀՀ Սահմանադրության 4-րդ հոդվածով սահմանված իշխանությունների բաժանման և հավասարակշռման սկզբունքի («Պետական իշխանությունն իրականացվում է Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան՝ օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բաժանման ու հավասարակշռման հիման վրա») խախտման, Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգի տապալման նախապատրաստության (որին, ի դեպ, մասնակից է դարձել նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը) համեմատ: Մեղմ է առայժմ, այսինքն` բացառված չէ, որ ՀՀ Սահմանադրությունում հակասահմանադրական ճանապարհով փոփոխություն կատարելու առնչությամբ ԵԺԿ-ի, ինչպես նաև եվրոպական համապատասխան այլ կազմակերպությունների կողմից առաջիկայում լինեն արդեն խիստ, շատ կոշտ գնահատականներ:

Եվրոպական ժողովրդական կուսակցությունն առայժմ ընդամենը մտահոգություն է հայտնել է Հայաստանի Սահմանադրությունում փոփոխություններ նախաձեռնելու հապճեպ գործընթացի առնչությամբ: Հայաստանում տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ Եվրոպական ժողովրդական կուսակցության գնահատականում նշված է.

«Եվրոպական ժողովրդական կուսակցությունը մտահոգված է Հայաստանի Սահմանադրությունում փոփոխություններ նախաձեռնելու հապճեպ գործընթացով։ Մենք կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին որքան հնարավոր է շտապ դիմել և դիտարկել Վենետիկի հանձնաժողովի կարծիքը»:

ԵԺԿ-ում հավանաբար լսել են Հայաստանում շրջանառվող այն տեղեկությունները, որ Նիկոլ Փաշինյանը «գժի թուղթ» ունի, բայց չգիտեն, որ նա իրականում այնքան էլ գիժ չէ, որ Ազգային ժողովի «Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու մասին» ԱԺՈ-001-Ն որոշման, դրա սահմանադրականության առնչությամբ իր քաղաքական թիմին կամ ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին ցուցում, հանձնարարություն կամ թույլտվություն տա` դիմել Վենետիկի հանձնաժողով և դիտարկել նշված հանձնաժողովի կարծիքը: Պա՞րզ է, չէ՞, թե ինչպիսին է լինելու Վենետիկի հանձնաժողովի կարծիքը…

ՀՀ օրենսդրությամբ վարչապետի որոշումը, ցուցումը, հանձնարարությունը կամ թույլտվությունը, անշուշտ, պարտադիր չէ, որ ՀՀ արդարադատության նախարարը նշված հարցով դիմի Վենետիկի հանձնաժողով, բայց խնդիրը հենց այն է, որ Ստամբուլյան կոնվենցիայի սահմանադրականության հարցով Վենետիկի հանձնաժողով դիմած ՀՀ արդարադատության նախարարը հիմա խտրական վերաբերմունք դրսևորելով, ԱԺ-ի վերոնշյալ որոշման առնչությամբ չի դիմում Վենետիկի հանձնաժողով: Թեև առանց Վենետիկի հանձնաժողովի կարծիքի էլ ԱԺ հիշյալ որոշման հակասահմանադրականությունն ակնհայտ, պարզ և անվիճելի է, այնուհանդերձ, հետաքրքիր, միգուցե հետագայի համար նաև օգտակար կլիներ խնդրո առարկայի վերաբերյալ ստանալ Վենետիկի հանձնաժողովի կարծիքը:

ՀՀ արդարադատության նախարարության պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ս. թ. փետրվարի 10-ին «իր նախաձեռնությամբ հեռախոսազրույց է ունեցել Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյի հետ: Հեռախոսազրույցի ընթացքում նախարարն անդրադարձել է Սահմանադրության փոփոխության և հանրաքվեի նշանակման հետ կապված վերջին իրադարձություններին։ Փոխանցել է նաև հայկական կողմի պատրաստակամությունը դատաիրավական բարեփոխումների ոլորտում Եվրոպայի Խորհրդի և Հանձնաժողովի հետ հետագայում ևս սերտ համագործակցությունը շարունակելու վերաբերյալ»:

Թե ինչ է ասել Ռուստամ Բադասյանին Վենետիկի հանձնաժողովի նախագահը, արդարադատության նախարարության պաշտոնական տեղեկատվության մեջ բառ անգամ չի նշված: Դրանում չկա նաև որևէ տեղեկություն կամ ակնարկ առ այն, որ ԱԺ-ի վերոնշյալ որոշման առնչությամբ արդարադատության նախարարությունը դիմելու է Վենետիկի հանձնաժողով:

Հիշենք, որ Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի հարցով համազեկուցողներ Անդրեյ Շիրցելը և Կիմմո Կիլյունենն ավելի վաղ իրենց հայտարարությամբ  մտահոգությունն են արտահայտել Սահմանադրական դատարանի շուրջ ծավալվող հակամարտության, ՍԴ-ի մի քանի անդամների պաշտոնավարման ժամկետները Սահմանադրությամբ ներկայումս սահմանվածից շուտ դադարեցնելու առնչությամբ:

Համազեկուցողները նշել են, որ առաջարկվող փոփոխությունները կարող են երկարաժամկետ հետևանքներ ունենալ սահմանադրական ինստիտուտների գործունեության վրա:

«Այս համատեքստում, ինչպես նաև հաշվի առնելով այդ կապակցությամբ բարձրացված մի քանի հարցեր, մենք կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին՝ հնարավորինս շուտ դիմել Վենետիկի հանձնաժողովի՝ Եվրախորհրդի սահմանադրական իրավունքի փորձագիտական մարմնի կարծիքի համար,- նշված է համազեկուցողների հայտարարության մեջ:- Մենք հավատում ենք, որ այս կարծիքը, որը կարող է շատ արագ ընդունվել հրատապ ընթացակարգով, արժեքավոր կլինի բոլոր շահագրգիռ կողմերի համար, այդ թվում հայ ընտրողների համար, եթե պետք է անցկացվի հանրաքվե»:

Անդրեյ Շիրցելի և Կիմմո Կիլյունենի վերոնշյալ հայտարարությունից գրեթե անմիջապես հետո Հայաստանում Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ հայտարարություն է տարածել Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքյոն:

«2019-ի հոկտեմբերի 29-ի իմ հայտարարությունից հետո ես շարունակում եմ մտահոգված լինել Հայաստանի Սահմանադրական դատարանի շուրջ ծավալվող բաց հակամարտության պատճառով: Կիսում եմ Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի զեկուցողների մտահոգությունն այս հարցի շուրջ»,- նշված է Վենետիկի հանձնաժողովի նախագահի օրերս հրապարակված հայտարարության մեջ:

Ջիանի Բուքիքյոյի հայտարարության մեջ նշված է նաև. «Ժողովրդավարական մշակույթը և հասունությունը պահանջում են ինստիտուցիոնալ զսպվածություն, բարեխղճություն և փոխադարձ հարգանք պետական ինստիտուտների միջև: Կրկին կոչ եմ անում բոլոր կողմերին զսպվածություն դրսևորել և խուսափել այս մտահոգիչ իրավիճակի սրումից՝ ապահովելու համար Հայաստանում սահմանադրության նորմալ գործունեությունը»:

Վենետիկի հանձնաժողովը, ըստ էության, ՀՀ իշխանություններին կոչ է արել հանգիստ թողնել Սահմանադրական դատարանի դատավորներին, բայց ո՞ւմ ես ասել…

«Այս օրերին պարբերաբար կրկնում են ԱԺ-ում հնչած այն թյուր մեկնաբանությունը, թե Սահմանադրության 169-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված՝ ՍԴ դիմելու ԱԺ լիազորությունը ՀԱՅԵՑՈՂԱԿԱՆ Է,- իր ֆեյսբուքյան էջում գրել է իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը:- Նույն կերպ պնդում են, որ եթե ՍԴ դիմելը հայեցողական չլիներ, ապա, օրինակ՝ յուրաքանչյուր հանրաքվեից հետո ԱԺ խմբակցությունները պարտադիր պետք է այն վիճարկեին ՍԴ-ում։ Փորձեք ավելի համոզիչ իրավական փաստարկներ բերել, եթե այդպիսիք կան։

Նախ, այս դեպքում, առանց որևէ տրամաբանական բացատրության, անհարկի մի հարթության վրա են դրվում հայեցողական (սրանք սահմանված են Սահմանադրության 168-րդ հոդվածի միայն 1-ին մասով) և բացարձակ լիազորությունները, որոնցից մեկն էլ հենց ԱԺ-֊ի կողմից ՍԴ դիմելն է։ Եթե հակառակ տրամաբանությամբ շարունակենք, կստացվի, որ Կառավարությունը ևս միջազգային պայմանագրի սահմանադրականության հարցով պարտավոր չէ դիմել ՍԴ և, օրինակ, Ստամբուլյան կոնվենցիան անմիջապես իր հայեցողությամբ կարող է ներկայացնել ԱԺ֊ի վավերացմանը։ Ավելին, եթե վաղը քաղաքացիական նախաձեռնությամբ Սահմանադրության փոփոխության մեկ այլ նախագիծ առաջադրվի, ընդունված նախադեպի հիմքով չի գործելու այդ նախագծի սահմանադրականության առնչությամբ ՍԴ դիմելու պահանջը։

Այսպիսով, կխնդրեի զերծ մնալ կենցաղային հարթությամբ դատողություններից։ Անպայման և անխտիր կանդրադառնամ նաև հրապարակվող բոլոր մյուս «իրավական‰ փաստարկներին, այդ թվում՝ այն պնդմանը, թե ՍԴ դատավորները իրավասու չէին քննելու իրենց կարգավիճակին վերաբերող որևէ գործ։

Չկա որևէ քաղաքական խնդիր, որ հնարավոր չլինի լուծել իրավաչափ եղանակներով, ուստի կարելի էր խուսափել անհարկի վիճահարույց իրավիճակներից։ Միաժամանակ, պատրաստ եմ առաջիկայում անդրադառնալ խնդրով հետաքրքրվող անձանց իրավական հարցադրումներին, պարզապես կխնդրի ինձ չդիմել քաղաքական ասպեկտներով՝ ինքս որևէ քաղաքական ուժի չեմ հարում…»:

Արթուր Հովհաննիսյան