Հ․ Թովմասյանը տրանսֆերով գերազանցել է եվրոպական ամենահայտնի ֆուտբոլիստներին․ Գ․ Պետրոսյան (տեսանյութ)

Այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը, անդրադառնալով հանրաքվեի վերաբերյալ ԲՀԿ-ի դիրքորոշմանը, նշեց, որ երեկ պարոն Ծառուկյանը հստակ ասել է՝ սպասում են քաղաքական խորհրդի նիստին, որովհետև նման հարցերը չի կարելի լուծել միանձնյա կամ երկու, երեք հոգով։ Դա իրենց կուսակցության գործելաոճին բնորոշ չէ, առավել ևս սահմանադրական հանրաքվեի առնչությամբ։

«Սա այն հարցը չէ, որ խմբակցությունը պետք է որոշի։ Պատահական չէ, որ ասում ենք քաղաքական խորհրդի նիստ պետք է հրավիրենք, որովհետև սա այն հարցն է, որ ոչ թե պետք է պատգամավորները որոշեն, այլ կուսակցական ավելի ընդարձակ կազմ պետք է մասնակցի, որովհետև ի վերջո սրանով պատմություն է կերտվում։ Մենք վաղը-մյուս օրը մեր կուսակցության գործունեության և գնահատականների համար սերունդներին պատասխան ունենք տալու, դրա համար էլ առավել լրջությամբ ենք մոտենում այս գործընթացին»։

Հարցին, թե արդեն կասկածներ են հնչում, որ «Բարգավաճ Հայաստանը» իշխանության հետ մտել է քաղաքական պայմանավորվածության կամ առևտրի մեջ, դրա համար է հետ կանգնել ՍԴ դիմելու գործընթացից՝ Գևորգ Պետրոսյանը նշեց, որ ամեն մի կասկած, կարծիք իրականություն չէ, և ոչ մի հանդիպում տեղի չի ունեցել։

Մանրամասները՝ տեսանյութում