Իրանի Իսլամական Հեղափոխության 41-ամյակը

Իրանում տոն է՝ անկախ ամեն ինչից` Միացյալ Նահանգների հետ սրվող հակամարտություն, ազգի հերոսի՝ գեներալ-մայոր Սոլեյմանիի մահ, Թուրքիայի բացահայտ հարձակում Սիրիայի վրա: Ամեն տարի իրանական օրացույցով Բահման ամսվա 22-ին (այսինքն՝ փետրվարի 11-ին) իրանցիները մասնակցում են արարողություններին, որոնց ներկա են լինում բարձրաստիճան պաշտոնյաները՝ հաստատելու իրենց հավատարմությունը իսլամական ղեկավարությանը և Իսլամական Հանրապետության հանգուցյալ հիմնադիր Իմամ Ռուհոլլահ Խոմեյնիին:  Այդպես էր նաև 2020 թվականի փետրվարի 11-ին: Իսլամական հեղափոխության տոնակատարությունները տեղի են ունեցել երկրի ավելի քան 5200 վայրերում՝ ի հավելումն ամբողջ աշխարհի իրանական դեսպանությունների և հյուպատոսությունների: Ազգային հանրահավաքները սկսվել են փետրվարի 11-ին, առավոտյան 9:00-ից և շարունակվել ամբողջ օրը, հայտնում է Mehr News գործակալությունը: Ըստ դիտորդների տվյալների՝ Իսլամական հեղափոխության 41-ամյակի կապակցությամբ տոնակատարություններին անմիջականորեն մասնակցել են առնվազն 14-15 միլիոն մարդ:

Իրանական ԶԼՄ-ները հայտնում են, որ համաժողովրդական ցույցերին միացել են նաև Իրանի բարձրագույն քաղաքական գործիչները, այդ թվում՝ նախագահ Հասան Ռոհանին, խորհրդարանի խոսնակ Ալի Արդաշիր Լարիջանին, արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը, հետախուզության նախարար Մահմուդ Ալավին: Ահա այն՝ սովորական քաղաքացիների և բարձրագույն ղեկավարության միասնությունը, գործնականում: Շատերն էին շնորհավորում իրանական ժողովրդին փետրվարի 11-ին, նույնիսկ այնպիսի ոչ միանշանակ քաղաքական գործիչ, ինչպիսին է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: Հետևաբար, Փարիզում զգացել են Մերձավոր Արևելքում սպասվող շատ կտրուկ փոփոխությունները. Չէ՞ որ սկսվել է Իրաքից ամերիկյան զորքերի տարհանումը: Ի դեպ, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նույնպես շնորհավորել է Իրանին՝ Իսլամական հեղափոխության 41-ամյակի կապակցությամբ, մի փոքր քայլ է կատարել ճիշտ ուղղությամբ. հրավիրել է Ռոհանիին պաշտոնական այց կատարել Հայաստան «իր համար [այսինքն՝ Իրանի նախագահի համար] հարմար ժամանակին»։ Արևմուտքի խուճապը հասել է նաև Երևան, պատկերավոր ասած…

Բայց, ինչպես մեզ թվում է, նույնիսկ տոնը «չի ստվերում» իրանական ղեկավարությունից միջազգային քաղաքականության ընթացիկ հրատապ խնդիրները: Այժմ հիմնական խնդիրն է՝ խափանել Սիրիայի դեմ թուրքական ռազմական գործողությունները և ստիպել Թուրքիային անվերապահորեն դուրս գալ Սիրիայից: Մարտեր են ընթանում Իդլիբ նահանգում, Իրանին դաշնակից, տարբեր երկրներից շիական աշխարհազորայինները և սիրիական բանակն արդեն ուղղակիորեն հարվածում են թուրքերին: Կորուստներ կան մարտերին մասնակցող բոլոր կողմերում: Միանգամից ասենք. Ռուսաստանի ռազմական ավիացիան, իհարկե, գտնվում է Սիրիայի և Իրանի կողքին, ռուսական ՌՏՈՒ ինքնաթիռները մեկը մյուսի հետևից արգելափակում են սիրիական օդային տարածք ներխուժելու թուրքական ավիացիայի փորձերը: Իսկ վերջերս, ռուսական «Խմեյմիմ» ռազմակայանի ՀՕՊ ուժերը գրոհել են իսրայելական անօդաչու սարքն ու F-16 ինքնաթիռը: Հաղորդվում է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կրկին պատրաստվում են ժամանել Մոսկվա: Թե ինչի համար են մտադիր թուրքերն ու հրեաները դիմել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, պարզ չէ: Բայց մենք հասկանում ենք, որ Ռուսաստանի օդատիեզերական ուժերն ու «Խմեյմիմ» ռազմակայանի զինծառայողները կատարում էին Ռուսաստանի Գերագույն գլխավոր հրամանատարի հրամանները, ոչ թե պարզապես «գնդակոծում» թուրքերին և իսրայելցիներին: Ռուսական զորքերը ցույց տվեցին, որ Թուրքիան և Իսրայելը իրավունք չունեն թռչել այնտեղ, որտեղ գտնվում են ռուսական հենակետերն ու անցակետերը:

Հատկանշական է, որ փետրվարի 11-ին Իրանի արտգործնախարար Զարիֆը Թուրքիային հրավիրել է Սիրիայի հետ բանակցություններ սկսել՝ պայմանով, որ Իրանը ստանձնում է միջնորդությունը նման բանակցություններում: Իրանի նախարարն արդեն հռչակել է. «Լարվածության էսկալացումը ծառայում է միայն ահաբեկիչների և նրանց հովանավորների շահերին: Արյունահեղությունից խուսափելը և Սիրիայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքը պարտադիր նախապայման է»: Նա հավելել է, որ Թեհրանը սատարում է իր տարածաշրջանային առանցքային դաշնակից Սիրիայի ինքնիշխանությանը և շեշտել Իրանի լիակատար պատրաստակամությունը Սիրիայի ինքնիշխանության, անկախության, միասնության և տարածքային ամբողջականության համար ցանկացած համագործակցության համար՝ անվանելով քաղաքական ճանապարհը սիրիական ճգնաժամի լուծման միակ ելքը: Այլ կերպ ասած, Իրանը պատրաստ է օգնել թուրքերին՝ լքել Սիրիայի տարածքը: Եթե ​​Անկարան ընդունի նախարար Զարիֆի առաջարկը, ապա մենք իրավունք կունենանք նշել տարածաշրջանում իրանական դիվանագիտության նոր հաղթանակը: Թուրքիայի դուրս գալը Սիրիայից հիանալի նվեր կլինի Իրանի և ամբողջ աշխարհի շիաների համար՝ Իսլամական հեղափոխության 41-ամյակի կապակցությամբ:

Մենք միանում ենք Իրանին և իրանական ժողովրդին ուղղված բազմաթիվ շնորհավորանքներին: Եղբայրական երկրին մաղթում ենք նորանոր հաղթանակներ և նվաճումներ կյանքի տարբեր ոլորտներում: Ոֆարին, Էրոն:

Սերգեյ Շաքարյանց