Արդյո՞ք կատարվում են Կարգին Հայկոյի նախընտրական քարոզարշավի ժամանակ հնչեցված 9 կետից բաղկացած ամպագոռգոռ ծրագրի կետերը

Արդեն մի քանի շաբաթ է, ինչ մեր երկիրն ընկղմված է ներքաղաքական թոհուբոհի մեջ: Նույնիսկ ԱԺ-ում ճակատագրի հեգնանքով հայտնված անհայտ անձինք հրապարակում են իրենց մտքերը Սահմանադրական դատարանի դատավորների և նախագահի շուրջ ծավալվող այս անօրինական գործընթացների մասին:

Սակայն այս ամենի ֆոնի վրա ոչ ոք չի տեսնում, որ այս խառնաշփոթը ունի ևս մեկ շահառու: Երևան քաղաքի քաղաքապետ Հայկ Մարությանը այս պարագայում հայտնվել է շատ շահեկան վիճակում: Բոլորը մոռացել են իր մասին և նա հայտնվել է կոմֆորտ զոնայում, քանի որ ոչ ոք չի հետաքրքրվում, թե ինչով է զբաղված քաղաքապետարանը: Ավելի ճիշտ, ոչ ոքի այլևս չի հետաքրքրում այն, որ քաղաքապետարանը ըստ էության մատնված է անգործության և առավելագույնը, ինչ անում են, առասպելական ծավալների պարգևավճարներ ստանալն է:

Օրվա խառը ներքին և արտաքին քաղաքական իրադարձությունները կարծես թե շեղեցին հանրության ուշադրությունը ապաշնորհ քաղաքապետից, բայց մենք չենք մոռացել նրա մասին: Հատկապես քաղաքի փողոցները պատած սառույցի շերտի վրայով վերջին մի քանի օրերի ընթացքում քայլելիս:

Ուզում ենք հիշեցնել, որ քաղաքապետը պաշտոնավարում է արդեն գրեթե երկու տարի և բարձրաձայնել մի քանի հարց այդ կապակցությամբ՝

Արդյո՞ք քաղաքապետարանը վերջին երկու տարիների ընթացքում կառուցել է որևէ շինություն, թե՞ միայն քանդում է:

Արդյո՞ք կատարվում են Կարգին Հայկոյի նախընտրական քարոզարշավի ժամանակ հնչեցված 9 կետից բաղկացած ամպագոռգոռ ծրագրի կետերը:

Բոլորս հիշում ենք, թե ինչպիսի խանդավառությամբ էր Հայկոն ներկայացնում Երևան քաղաքի տրանսպորտի վիճակը: Հիշում ենք, թե ինչպես էր ծափահարում ամբոխը, երբ Հայկոն հայտարարեց, որ «շախմատի ձի» դիրքով երթևեկելը հարիր չէ մեր համաքաղաքացիներին: Հիշում ենք, թե ինչպես էր նա խոստանում լուծել այդ խնդիրը: Ե՞վ: Հարգելի հպարտ համաքաղաքացիներ, ինչպե՞ս եք դուք երթևեկում այսօր:

Իսկ հիշո՞ւմ եք Հայկ Մարությանի այս խոստումը․ «Այսուհետև քաղաքին վերաբերող բոլոր կարևոր հարցերը քաղաքային իշխանությունները միանձնյա չեն որոշելու: Որոշումը կայացվելու է բնակիչների հանրաքվեի միջոցով»: Ե՞Վ: Ո՞ր հարցերով և քանի՞ անգամ է քաղաքապետը հարցրել ձեր կարծիքը, հարգելի համաքաղաքացիներ:

Այո, իրենք մեծ պաթոսով բոլոր պետական և մերձիշխանական ԶԼՄ-ներով հայտարարեցին, որ շահագործման են հանձնվել 2 բազմաբնակարանային շենք վթարային շենքերի բնակիչներին վերաբնակեցնելու համար, սակայն այդ շենքերի կառուցումը սկսված էր դեռ նախորդ քաղաքապետի պաշտոնավարման ժամանակ:

Այս երկու տարիների ընթացքում հազիվ կարողացել են լուծել աղբահանության խնդիրը, այն էլ միայն նրանից հետո, երբ առաջացավ լուրջ վարակների տարածման խնդիր:

«Հայրենիք» կինոթատրոնի հարևանությամբ գտնվող Արշակունյաց-Նժդեհ փողոցների հանգույցի կառուցումը այդպես էլ չտեսանք: Իսկ ի՞նչ կարծիք ունի դրա մասին պարոն Մեսչյանը, որը Ռոդենի «Մտածողը» արձանի հերոսի նման խորհում էր այդ հանգույցի նախագծի գլխին կանգնած:

Նույն աղբանոց վիճակում գտնվում են այգիները, չկա կանաչապատում, էլ չհիշենք ամանորյա Երևանի խեղկատակ լուսավորությունը և հսկայական ծախսերը:

Հարգելի համաքաղաքացիներ, մի՞թե դուք չեք տեսնում այս ամենը: Մի՞թե ձեզ հիպնոսացրել են: Ավագանու նոր ընտրություններին մնացել է 2 տարի: Երկու տարի հետո Հայկոն նույնիսկ 10 ձայն չի կարողանալու հավաքել: Բայց կարծես թե իրեն դա բոլորովին չի անհանգստացնում: Օրվա իշխանությունը լուծում է այդ հարցը իր փոխարեն՝ անդադար խառնելով ներքաղաքական վիճակը և շեղելով հանրության ուշադրությունը մեր երկրի մայրաքաղաքում տիրող անմխիթար վիճակից:

«Ռեֆորմիստների կուսակցության» փոխնախագահ Կարեն Վարդանյանի ֆեյսբուքյան էջից

Արդեն մի քանի շաբաթ է, ինչ մեր երկիրը ընկղմված է ներքաղաքական թոհուբոհի մեջ: Նույնիսկ ԱԺ-ում ճակատագրի հեգնանքով…

Опубликовано Karen Vardanyan Среда, 12 февраля 2020 г.