Ծուղա՞կ է սարքվում, իշխանությունը գնում է Արցախը Ադրբեջանին հանձնելո՞ւ ճանապարհով (տեսանյութ)

Արցախի բանակցային գործընթացը վերածվել է քաոսի, չկա որևէ դիրքորոշում, չկա որևէ մարտավարություն։ Գնում է ժամանակ շահելու վտանգավոր գործընթաց: Այսպես են գնահատում փորձագետները այսօր ընթացող ադրբեջանա-արցախյան բանակցությունների ներկայիս փուլը:

«Մենք» հաղորդաշարի հյուրը ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանն է։

Կա այն համոզմունքը, թե Ադրբեջանը չէր մասնակցի բանակցություններին, եթե տարածքների  հարց չլիներ, հետևաբար, հնարավո՞ր է, որ բանակցային սեղանին քննարկվում է հե՛նց տարածքների հարցը: Ի պատասխան հարցին, Դավիթ Ջամալյանը նախ խոսեց Ժնևի բանակցություններից  հետո ՀՀ ԱԳՆ տարածած հայտարարության  մեջ տեղ գտած՝ «Արցախի ժողովրդի ընտրյալ ներկայացուցիչներ»   վտանգավոր ձևակերպման մասին։

«Ինչո՞ւ 28 տարի անց ԱԳՆ կողմից առաջին պլան բերվեց այդ եզրույթը։ Դա կիրառվել է այն ժամանակ, երբ Շուշին ազատագրված չէր, այսինքն Արցախում դեռ կար ադրբեջանական համայնք, որը Արցախի դեմ կազմակերպված ագրեսիայի մասնակից էր։ 28 տարի անց, այսօր Արցախը կայացել է որպես պետություն՝ իր ժողովրդավարական ավանդույթներով։ Հետևաբար, խոսք կարող է լինել միայն ընտրություններով ձևավորված լեգիտիմ իշխանությունների մասին։ Մինչդեռ, մեր ԱԳՆ-ն փորձում է հավասարության նշան դնել երկու տերմինների միջև՝ «ընտրյալ ներկայացուցիչ» և «ընտրյալ իշխանություն», ուզում են ցույց տալ, թե սրանք իմաստային առումով, իբրև թե, նույնական են։ Հարց է առաջանում, արդյո՞ք միջնորդներն իրենք էլ են ընդունում, որ այդ երկու տերմինները նույնական են։ Բայց դրանք նույնական լինել չեն կարող։ Նման եզրույթի օգտագործումը նշանակում է Արցախի գոյություն ունեցող կարգավիճակի միտումնավոր իջեցում»։

Ջամալյանը նկատում է, որ դիվանագիտության մեջ հենց այնպես ինչ-որ եզրույթ չի օգտագործվում, դրանք կարևոր մանրուքներ են, հետևաբար, ԱԳՆ-ի կողմից օգտագործված այս եզրույթը մանիպուլյացիայի փորձ է»։

Ռազմական փորձագետն անդրադարձավ նաև  Ժնևյան բանակցությունից անմիջապես  հետո գեներալ-մայոր Վիտալի Բալասանյանի արտահայտած մտահոգությանը, թե բանակցությունների ժամանակ քննարկվել են Քաշաթաղի, Լաչինի շրջանի հարավային մասում ադրբեջանցիների և հայերի համատեղ բնակավայրեր կառուցելու և այնտեղ խաղաղապահ ուժեր տեղակայելու հարցը։ Ինչպես նաև Դավիթ Շահնազարյանի հայտարարությանը, թե բանակցություններում քննարկվել է Շուշիի հարցը՝ որպես համատեղ բնակեցման գոտի: ՀՀ ԱԳՆ-ն այս դատողություններն իրականությունից հեռու համարեց: Սակայն կա անհանգստություն, որ այնուհանդերձ ինչ-որ վտանգավոր զարգացումներ են տեղի ունենում «հետնաբեմում»։

«Վիտալի Բալասանյանը նման  միտք ասել է հիմնվելով ԱԳՆ-ի հայտարարության մեջ տեղ գտած եզրույթի վրա,  ոչ թե հենց այնպես եզրակացրել է։ Իրավիճակը տագնապալի է։ Դա նշանակում է, որ հայկական դիվանագիտությունը կա՛մ հետքայլ է արել, կա՛մ այդ վտանգավոր ճանապարհին է։  Գործ ունենք Արցախի ստատուսի իջեցման հետ։ Արցախում տեսնում են այդ վտանգը, ի դեպ, դա շատերն են տեսնում, բայց  չգիտես ինչու միայն գեներալ-մայոր Վիտալի Բալասանյանն է արձագանքում»,-ասում է Դավիթ Ջամալյանը։

Փորձագետը համակարծիքի է այն մտքի հետ, որ ծուղակ է սարքվում,  որին մասնակից է ՀՀ իշխանությունը։

«Երբ Նիկոլ Փաշինյանը եկավ իշխանության, հայտարարեց, թե Արցախը պետք է լինի բանակցային գործընթացի լիարժեք կողմ, բայց զարգացումները գնացին այլ ուղղությամբ։ Հիմա տեսնում ենք, որ Արցախի բանակցային գործընթացի լիարժեք կողմ լինելու կոնցեպտի մեջ ադրբեջանական կողմն առաջ է մղում իրենը՝ Ղարաբաղի, այսպես կոչված, ադրբեջանական համայնքի լեգիտիմացման թեզը։  Փաշինյանն այս միտումն ունեցե՞լ է, թե ոչ, սակայն  գործընթացը դրան է գնում»։

Խոսելով ադրբեջանցիների և հայերի համատեղ բնակավայրեր կառուցելու մասին, Ջամալյանն ասաց․ «Դա կնշանակի՝ «ժողովուրդներին խաղաղության պատրաստելու» գեղեցիկ արտահայտության տակ գործ ունենալ Արցախը Ադրբեջանին  հանձնելու գործընթացի հետ»։

Դավիթ Ջամալյանը խոսեց նաև Արցախում սպասվող ընտրությունների ու Հայաստանում ապրիլի 5-ին, թերևս կայանալիք, սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի մասին։

Մանրամասները դիտեք տեսանյութում