Ռուսները և թուրքերն Անկարայում քննարկել են Իդլիբի հարցը

Թուրքիայի նախագահականը հաղորդագրություն է տարածել նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընի և Սիրիայում Ռուսաստանի հատուկ ներկայացուցչի հանդիպման մասին: Անկարայի նախագահական պալատում կազմակերպված հանդիպմանը ռուսական կողմից մասնակցել են քաղաքական, ռազմական և հետախուզական ոլորտի պատվիրակներ:

Ermenihaber.amտեղեկացմամբ, հաղորդագրության մեջ նշվում է, որ կողմերը քննարկել են Սիրիայի Իդլիբ նահանգում տեղի ունեցող վերջին զարգացումները:

Թուրքիան խստորեն դատապարտել է Սիրիայի կառավարական ուժերի կողմից Իդլիբում թուրքական դիտակետերի ուղղությամբ կատարված ռազմական գործողությունները՝ պահանջելով անմիջապես դադարեցնել դրանք, այլապես ինքնապաշտպանության իրավունքի շրջանակում սպառնացել է պատասխան գործողություններ իրականացնել:

Թուրքական կողմն ուղերձ է հղել Ռուսաստանին՝ որպես երաշխավոր երկրի,  որպեսզի նա կատարի իր  ստանձնած պարտավորությունները և թույլ չտալ Սոչիի համաձայնագրի խախտումներ:

«Սոչիի համաձայնագիրն իրագործելու և մեր զինվորների դեմ կատարվող հարձակումները անպատասխան չթողնելու հարցում մենք խիստ վճռական ենք տրամադրված»,- նշված է Թուրքիայի նախագահականի տարածած հաղորդագրության մեջ: