Երուսաղեմը մեր կարմիր գիծն է․ Թուրքիայի նախագահ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իրենք թույլ չեն տա, որպեսզի իրականություն դառնա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկած «Դարի գործարքը»:
Ermenihaber.am-ի տեղեկացմամբ, այդ մասին Էրդողանը նշել է Կուալա Լումպուրում անցկացվող տարբեր երկրների խորհրդարանականների համաժողովի ողջույնի նամակում: Կոնֆերանսը կրում է «Իսրայելի զավթողականությունը կանգնեցնելուն ուղղված ակտիվ ռազմավարություն» անվանումը:
Էրդողանը շեշտել է, որ իրենք թույլ չեն տա կյանքի կոչել նոր հայտարարված «Մերձավոր Արևելքի խաղաղության պլանը»:
«Պաղեստինը տարիներ շարունակ բռնազավթվել ու ավերվել է: Իսրայելն ապօրինի ու անիրավ ճանապարհով հասել է այսօրվա սահմաններին: Հնարավոր չէ, որ Թուրքիան լուռ մնա Երուսաղեմի անեքսիայի կապակցությամբ ու միայնակ թողնի պաղեստինցի եղբայրներին այս պայքարում: Մեկ անգամ ևս ցանկանում եմ շեշտել, որ Երուսաղեմը մեր կարմիր գիծն է»,- նշել է Թուրքիայի նախագահը:
Էրդողանը նամակի վերջում շեշտել է, որ իսլամական երկրների պարտքն է՝ պաշտպանել Երուսաղեմում գտնվող Ալ-Աքսայի մզկիթը, տեր կանգնել Երուսաղեմին ու պաշտպանել պաղեստինցիների իրավունքները: