Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Միջուկային զենքի փորձարկման համապարփակ արգելման պայմանագրի կազմակերպության գործադիր քարտուղարի հետ

Փետրվարի 10-ին աշխատանքային այցով Ավստրիայի Հանրապետությունում գտնվող  ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը Վիեննայում հանդիպեց Միջուկային զենքի փորձարկման համապարփակ արգելման պայմանագրի կազմակերպության Գործադիր քարտուղար Լասինա Զերբոյի հետ։

ԱԳՆ տեղեկատվության և հանրային դիվանագիտության գլխավոր վարչության տեղեկացմամբ, զրուցակիցներն անդրադարձան Կազմակերպության գործունեությանը, նրա առջև ծառացած մարտահրավերներին ու դրանց հասցեագրման ուղղությամբ միջազգային հանրության կողմից ձեռնարկվող քայլերին։ Այս համատեքստում կողմերն ընդգծեցին գիտության, մասնավորապես՝ նորարարության և տեղեկատվական տեխնոլոգիաների ներուժի կիրառման ուղղությամբ քայլերի ձեռնարկումը՝ այդ թվում ոլորտային փորձագետների առավել լայն ներգրավման միջոցով:

Նախարար Մնացականյանը վերահաստատեց ՀՀ հանձնառությունը միջուկային զենքի զինաթափման ու չտարածման նպատակներին և նշեց, որ Հայաստանը, 2006թ․ վավերացնելով Միջուկային զենքի փորձարկման արգելման պայմանագիրը, մշտապես հանդես է գալիս Պայմանագրի՝ բոլոր պետությունների կողմից վավերացման օգտին։

Կազմակերպության հետ աշխատանքներում արձանագրված արդյունքների և համագործակցության ընդլայնման հեռանկարների շուրջ քննարկման համատեքստում նախարար Մնացականյանը և  Գործադիր քարտուղար Զերբոն բարձր գնահատեցին հայ փորձագետների ակտիվ ներգրավվածությունը Կազմակերպության նախապատրաստական հանձնաժողովի հետ աշխատանքներում:

Երկուստեք կարևորվեց միջուկային անվտանգության ամրապնդումն  ազգային և միջազգային մակարդակներում` միջազգային իրավական փաստաթղթերի վավերացման և իրականացման, ինչպես նաև ազգային օրենսդրության հաստատման միջոցով: Այս առնչությամբ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը բարձր գնահատեց Կազմակերպության «Գառնի» սեյսմիկ կայանի գործունեությունը Հայաստանում, ինչպես նաև Հայաստանի Սեյսմիկ պաշտպանության գործակալությանը տրամադրվող տեխնիկական աջակցությունը՝ ուղղված Ազգային տվյալների կենտրոնի կարողությունների զարգացմանը։