Վանեցյանին կհաջողվի լայն կոնսոլիդացիա ապահովել, նրան չեն կարող կապել նախկինների հետ (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հաղորդաշարի հյուրն է «Հանրային վերահսկողության կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Բաբկեն Հարությունյանը, որը խոսեց հայաստանյան քաղաքական դաշտում նոր կուսակցության ստեղծման անհրաժեշտության մասին՝ անդրադառնալով ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի՝ քաղաքական դաշտ մտնելու մասին հայտարարությանը։

«Ինչո՞ւ է անհրաժեշտ, որպեսզի ստեղծվի նոր կուսակցություն, և դա անի ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։ Այսօր Հայաստանում բազմաթիվ կուսակցություններ են գործում, որոնք կուսակցության նախագահից և կանոնադրությունից են բաղկացած, ռեալ գործողություններ չենք տեսնում նրանց կողմից։ Կան փոքր ուժեր, որոնք պարբերաբար խնդիրներ են բարձրացնում, բայց ես պնդում եմ, որ առայսօր չկա ազդեցիկ քաղաքական ուժ, որն իր շուրջ կհամախմբի հասարակության լայն զանգվածներին, կունենա տարածքային կառույցներ, կգործի ծրագրերին համահունչ։ Ընդդիմության դերը ո՞րն է՝ ոչ միայն քննադատել, այլև լուծումներ առաջարկել, իսկ այսօր այդ ուժը չկա, գոնե ես չեմ տեսնում։ Եթե Վանեցյանը կարողանա գրագետ թիմ հավաքել և լավ ծրագիր ներկայացնել, իսկ ես կարծում եմ, որ դա նրան կհաջողվի, ապա ժողովուրդն այլընտրանք կունենա»,- ասաց ՀԿ նախագահը։

Բաբկեն Հարությունյանը հարցադրում է անում՝ ինչո՞ւ պետք է ձևավորվի այդ ուժը․ օրվա իշխանությունները հաշվի չեն նստում հասարակության հետ, երբ անձամբ Նիկոլ Փաշինյանին անհրաժեշտ է, այդ ժամանակ հիշում են ժողովրդին, այդ ժամանակ ժողովուրդը գիտակից է, երբ պետք չէ, ժողովուրդը դառնում է աղքատությունն իր գլխում չհաղթահարած զանգված։ Ըստ նրա՝ մեզ պետք է ընդդիմություն, որը կստիպի իշխանությանը կատարել իր տված խոստումները և պետականամետ  ծրագրեր իրականացնել։ Որևէ զարգացած երկրում չի կարող լինել ուժեղ իշխանություն և թույլ ընդդիմություն։ Դա բացառվում է։ Նրա դիտարկմամբ՝ մեր իշխանությունը շատ թույլ է, քանի որ մեր երկրում չկան նաև ձևավորված ընդդիմադիր ուժեր, քաղաքական կշիռ ունեցող ուժեր․«Կարծում եմ, որ Արթուր Վանեցյանը այդպիսի պատասխանատվություն է հանձն առնում։ Վստահ եմ, որ նա կկարողանա լայն կոնսոլիդացիա ապահովել, և նրան ի վերջո չեն կարողանա մեղադրել նախկինների, նախկինների նախկինների հետ կապեր ունենալու համար։ Արթուր Վանեցյանը քաղաքական դաշտում նոր մարդ է և ասելիք ունի, հասարակության շրջանում էլ նրա հանդեպ դրական տրամադրվածություն կա։ Գտեք երկրորդ մարդուն, որը հասարակության ընկալումներում կարող է հակակշիռ լինել Վանեցյանին»։

Մանրամասները՝ տեսանյութում