Ադրբեջանում դիտորդներին թույլ չեն տվել մտնել ընտրատեղամասեր․ ընդդիմադիրները արձանագրել են մի շարք ընտրախախտումներ

Գերմանական Deutsche Welle հեռուստառադիոընկերությունն անդրադարձել է Ադրբեջանում փետրվարի 9-ին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններին և ներկայացրել է ադրբեջանցի ընդդիմադիրների տեղեկություններն այն մասին, որ ընտրությունների ժամանակ բազմաթիվ խախտումներ են գրանցվել:

Ընդդիմադիրները տեղեկացրել են բազմաթիվ լցոնումների, «կարուսելների» և դիտորդների աշխատանքին խոչընդոտելու դեպքերի մասին:

«Ամենատարածված խախտումներից է եղել այն, որ դիտորդներին թույլ չեն տվել մտնել ընտրատեղամասեր, իսկ մտնողների նկատմամբ ճնշումներ են գործադրել: Նրանց կարգադրել են նստել միայն դիտորդների համար նախատեսված տեղերում, չկանգնել, հարցեր չտալ և նկատողություններ չանել»,-ասել է Ժողովրդավարական նախաձեռնությունների ինստիտուտի ղեկավար Ակիֆ Գուրբանովը:

Ընդդիմության առաջնորդ Արիֆ Հաջիլին հայտարարել է, որ ընտրություններն ամբողջովին կեղծված են եղել:

«Մենք արդեն մի շարք խախտումներ ենք գրանցել ընտրատեղամասերում, որտեղ դիտորդներ ունենք»,- ասել է ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցության ղեկավար Իսա Ղամբարը:

Նշենք, որ նախնական տվյալների համաձայն՝ 118 ընտրատեղամասերի 4823 ընտրատարածքներում 124 հաղթածներից 64-ը Նոր Ադրբեջան իշխող կուսակցության ներկայացուցիչներն են: Յոթ ընտրատեղամասերից դեռևս տվյալներ չկան:

Ավելի վաղ Ադրբեջանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ քվեարկել է 2 միլիոն 547 հազար 982 հոգի, այսինքն՝ ընտրական իրավունք ունեցողների 47.81 տոկոսը: