Ադրբեջանը Անդրկովկասում «ՆԱՏՕ-ի առավել հուսալի գործընկերն է»

2019-ին մենք արդեն գրել էինք, որ Ադրբեջանի իշխանությունները անընդհատ ձգտում են «ավելի թանկ վաճառվել» ինչպես Ռուսաստանին, այնպես էլ ՆԱՏՕ-ին: Մասնավորապես, Բաքուն հաճախակի է հրավիրում Ռուսաստանի և Միացյալ Նահանգների հրամանատարներին՝ ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Վալերի Գերասիմովին և Եվրոպայում ՆԱՏՕ-ի միավորված զինված ուժերի գլխավոր հրամանատար, ԱՄՆ եվրոպական հրամանատարության ղեկավար, ամերիկացի գեներալ Թոդ Ուոլթերսին: Պաշտոնական Բաքվի նպատակը հասկանալի է. նրանք ցանկանում են պահպանել և ամրապնդել իրենց ապօրինի պետականությունը՝ հենվելով ուժի բոլոր կենտրոնների վրա: Եվ փետրվարի 6-ին ամերիկացիները հերթական անգամ ժամանել են Ադրբեջան՝ ահա, այս գեներալ Ուոլթերսի գլխավորությամբ: Սկզբում նրանց հետ հանդիպել և բանակցել է Ադրբեջանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, այդ հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Նաջմեդին Սադիկովը։

Իսկ ի՞նչ է տարեցտարի ՆԱՏՕ-ն խոստանում ադրբեջանցիներին: Սադիկովը, հիշեցնելով անցած տարվա հուլիսին Բաքվում կայացած հանդիպումը, նշել է 26 տարվա ընթացքում Ադրբեջանի և ՆԱՏՕ-ի միջև հարաբերությունների զարգացումը, տարբեր ծրագրերում ադրբեջանական բանակի մասնակցությունը և Ադրբեջանի ներդրումը Աֆղանստանում «Վճռական աջակցություն» առաքելությանը: Բաքվի գլխավոր շտաբի պետն ընդգծել է, որ տարբեր ոլորտներում Ադրբեջան-ՆԱՏՕ համագործակցության հիմնական նպատակը եվրատլանտյան տարածքում անկայունության, հակամարտությունների և սպառնալիքների վերացումն է, ինչպես նաև համաշխարհային մասշտաբով անվտանգության միասնական համակարգի ստեղծումը: Իսկ անդրադառնալով տարածաշրջանում տիրող ռազմաքաղաքական իրավիճակին, Ադրբեջանի ռազմական հրամանատարը «բարձր է գնահատել ՆԱՏՕ-ի դիրքորոշումը Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության վերաբերյալ» և վստահություն է հայտնել, որ Հյուսիսատլանտյան դաշինքը կշարունակի աջակցել Բաքվին այս հարցում:

Նույն օրը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նույնպես ընդունել է Թոդ Ուոլթերսին: «Ապշերոնյան խանը» հանդիպման ընթացքում հաստատել է, որ Բաքվում կրկին հանդիպում կանցկացվի ռուսական բանակի գեներալ Գերասիմովի և ամերիկացի գեներալ Ուոլթերսի միջև: «Ես շատ ուրախ եմ, որ Բաքվում տեղի են ունենում ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի ռազմական ղեկավարության հանդիպումները, սա ավանդույթ է: Մենք երախտապարտ ենք ՆԱՏՕ-ին և Ռուսաստանին՝ Ադրբեջանը որպես հանդիպման անցկացման վայր ընտրելու համար: Ես հավատում եմ, որ սա շատ ճիշտ որոշում է », – ուրախությամբ նշել է Ալիևը:

Իհարկե, մեզ ամենից շատ հետաքրքրում է գեներալ-գնդապետ Սադիկովի խոստովանությունը, որ ՆԱՏՕ-ն միշտ հանդես է եկել Բաքվի իշխանություններին ձեռնտու դիրքորոշմամբ՝ «Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության հարցում»: Փետրվարի 6-ին ամերիկյան գեներալ Ուոլթերսը մասնավորապես նա ասել է, որ ՆԱՏՕ-ն «կողմ է ղարաբաղյան հակամարտության խաղաղ լուծմանը»: Զարմանալի բան չկա. Արևմուտքն այս 26 տարիների ընթացքում անընդհատ ասում է դա: Բայց Ուոլթերսի հետևյալ խոսքերը հետաքրքրություն են առաջացնում. «Ադրբեջանը դաշինքի առավել հուսալի գործընկեր է ահաբեկչության դեմ պայքարում, զգալի ներդրում է ունենում ՆԱՏՕ-ի խաղաղապահ գործողությունների շրջանակներում փոխադրման համար իր օդային տարածքի տրամադրման գործում»: Գեներալ Ուոլթերսի անկեղծ խոստովանություններն օգտակար են ինչպես Հայաստանի քաղաքական, այնպես էլ ռազմական ղեկավարության, ինչպես նաև մեր հիմնական գործընկերների, այսինքն՝ Ռուսաստանի և Իրանի, համապատասխան պետական կառույցների համար: Ստացվում է՝ 2016 թվականի ապրիլին Արցախի և Հայաստանի վրա հարձակվել է ոչ թե պարզապես Ադրբեջանը, այլ ՆԱՏՕ-ի «առավել հուսալի գործընկերը»

Սերգեյ Շաքարյանց