Նախագահ Արմեն Սարգսյանի որոշելիքն է՝ Փաշինյանի թիմի հետ իրականություն դարձնե՞լ սահմանադրական կարգի տապալումը (տեսանյութ)

LIVEnews.am-ի տաղավարում մեր զրույցը փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի հետ է։

Մինչև «Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու մասին» ՀՀ Ազգային ժողովի որոշման նախագծի ընդունումը, ինչը ԱԺ-ի իշխող «Իմ քայլը» խմբակցության 88 պատգամավորների «կողմ» ձայներով կատարվեց ս․ թ․ փետրվարի 6-ին, տվյալ նախագծի՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու նպատակով ՀՀ Սահմանադրական դատարան չդիմելը ՀՀ Սահմանադրության 169-րդ հոդվածի 2-րդ մասի պարտադիր (իմպերատիվ) պահանջի ակնհայտ ու կոպտագույն խախտում է և ՀՀ սահմանադրական կարգի տապալման փորձ Ազգային ժողովի համապատասխան պատգամավորների կամ (և) պաշտոնյայի կողմից։

Հիշյալ հարցով ՍԴ չդիմելը միաժամանակ ՀՀ Սահմանադրական դատարանին Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված իր լիազորությունը («մինչև Սահմանադրության փոփոխությունների նախագծի, ինչպես նաև հանրաքվեի դրվող իրավական ակտերի նախագծերի ընդունումը որոշում է դրանց համապատասխանությունը Սահմանադրությանը») կատարելու հնարավորությունից զրկում է։

Վերոնշյալը հաղորդում է հանցագործության մասին՝ ուղղված ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին ու գլխավոր դատախազությանը, ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանին ու Հատուկ քննչական ծառայությանը, ԱԱԾ տնօրենի պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանին և ԱԱԾ-ին։ Հիշյալ պաշտոնյաներն անձնական պատասխանատվություն են կրում ՀՀ օրենսդրությամբ նախատեսված համապատասխան միջոցներ չձեռնարկելու համար։

ՀՀ Սահմանադրության հոդված 123-ի համաձայն (Հանրապետության նախագահի կարգավիճակը և գործառույթները), Հանրապետության նախագահը պետության գլուխն է:

Հանրապետության նախագահը հետևում է Սահմանադրության պահպանմանը»: Այս վերջինն ևս Սահմանադրության իմպերատիվ պահանջն է, ենթակա պարտադիր կատարման, Սահմանադրության պահպանմանը հետևելը ՀՀ նախագահի ոչ թե իրավունքը, այլ պարտականությունն է։

Եթե ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը մինչև համապատասխան իրավական ակտի ստորագրումը տվյալ փաստաթղթի սահմանադրականության հարցը որոշելու նպատակով չդիմի ՀՀ Սահմանադրական դատարան, ստորագրի այդ փաստաթուղթը, ապա սահմանադրական կարգի տապալման փորձը վերածած կլինի արդեն սահմանադրական կարգի տապալման՝ դրանից Հայաստանի համար բխող ողջ հետևանքներով և իր անձնական պատասխանատվությամբ հանդերձ։ Ամեն ինչ շատ պարզ ու հստակ ասված է, որոշելիքը ՀՀ նախագահինն է։

Մանրամասները՝ տեսանյութում