Այսօր ականավոր գործիչ Ալեքսանդր Մյասնիկյանի ծննդյան 134 ամյակն է (Տեսանյութ)

«Նաիրյան արևն էր քո մեջ` լենինյան հրով ճառագած:

Կործանվող մեր երկրի համար դու եղար փրկության առագաստ:

Դու տվիր ընթացք և ուղի մեզ մինչև դարերն հեռակա,

Նաիրյան արևն էր քո մեջ` լենինյան հրով ճառագած»:

Ե. Չարենց

Ալեքսանդր Մյասնիկյանը ծնվել է 1886թ․ փետրվարի 9-ին Նոր Նախիջևանում: Եղել է ոչ միայն ռազմակուսակցական գործիչ, այլև՝ գրականագետ: Հեղափոխական և գրական ծածկանունն է եղել Մարտունի: Ուսանել է ծննդավայրի թեմական դպրոցում, 1904-1906 թվականներին՝ Մոսկվայի Լազարյան ճեմարանում, 1911 թվականին ավարտել է Մոսկվայի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը

1905թ. մասնակցել է հոկտեմբերյան համառուսաստանյան գործադուլին և դեկտեմբերյան զինված ապստամբությանը: Մասնակցել է առաջին համաշխարհային պատերազմին, 1917թ. փետրվարյան հեղափոխությունից հետո ընտրվել է ռազմաճակատի զինվորական կոմիտեի անդամ, ստեղծել բոլշևիկյան ինքնուրույն կազմակերպություն:

Կուսակցական-վարչական գործունեություն է ծավալել Բելառուսում՝ լինելով կոմկուսի առաջին քարտուղար: Եղել է Մոսկվայի քաղաքային և նահանգային կոմիտեների առաջին քարտուղար:

Այն ժամանակ, երբ Կարմիր բանակը գրավել էր Երևանը, և Կասյանի ղեկավարած հեղկոմը կորցրել էր իր հեղինակությունը, Մոսկվայից Կովկաս ուղարկվեց Ալ. Մյասնիկյանը: Նա իր հետ բերել էր Վ.Ի.Լենինի նամակը:

Դիմելով Կովկասի կոմունիստներին՝ Առաջնորդը պահանջում էր. «…Ավելի դանդաղ, ավելի զգուշավոր, ավելի սիստեմատիկ փոխանցում դեպի ընկերվարություն. ահա թե ինչ է հնարավոր ու անհրաժեշտ: Աշխատել միանգամայն բարելավել գյուղացու վիճակը և ձեռնարկել էլեկտրականացման, ոռոգման խոշոր աշխատանքը…»:

Ստանձնելով Խորհրդային Հայաստանի կառավարության ղեկը, վարելով ավելի մեղմ և շինարար քաղաքականություն, իրեն գործակից ունենալով լուսամիտ և հայրենասեր մարդկանց՝ Մյասնիկյանը հնարավորություն տվեց հայ ժողովրդին՝ շունչ քաշել և զբաղվել ստեղծագործ աշխատանքով: Նրա պաշտոնավարության ընթացքում Պարսկաստանից վերադարձավ Հայաստանից տարագրված մտավորականության ստվար մասը՝ Ալ. Թամանյանի գլխավորությամբ:

Մյասնիկյանը պաշտոնավարեց մինչև 1922թ., երբ ստեղծվեց Անդրֆեդերացիան, այստեղ ևս նա ղեկավար-բարձր պաշտոններ զբաղեցրեց:

Մյասնիկյանը մեր այն վարչապետների թվում է, ովքեր սերտորեն կապված էին ժողովրդին և նրա ստեղծած գիր ու գրականությանը: Նա խմբագրել է շուրջ տաս անուն թերթ, մտերիմ է եղել Տերյանի, Չարենցի և այլ անվանի մտավորականների հետ: 1910-ական թվականներին Ալեքսանդր Մյասնիկյանը լույս էր ընծայել մի շարք հոդվածներ՝ նվիրված հայոց գրերի գյուտի նշանակությանը, Միքայել Նալբանդյանի, Հովհաննես Թումանյանի, Հովհաննես Հովհաննիսյանի, Ալեքսանդր Ծատուրյանի ստեղծագործություններին։ Բազմիցս անդրադարձել է Հայկական հարցին՝ անվանելով այն «գորդյան հանգույց», որի շուրջ հյուսվել են եվրոպական երկրների տարաձայնություններն ու շահերը։ 1913 թվականին Մոսկվայում հանդես է եկել Հայկական հարցի մասին դասախոսությամբ, որի դրույթները 1913-1914 թվականներին լույս են տեսել «Մշակ» թերթում։ Մյասնիկյանի աշխատությունները լույս են տեսել առանձին ժողովածուով (Երկեր, 4 հատոր, 1984-86)։

1921 թվականի հուլիսի 4-5-ը Ալեքսանդր Մյասնիկյանը մասնակցել է ՌԿ(բ) կ կենտկոմի Կովկասյան բյուրոյի լիագումար նիստին, որտեղ քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հարցը։ Դեմ է քվեարկել Իոսիֆ Ստալինի միջամտությամբ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմի մեջ մտցնելու մասին որոշմանը։

Ողբերգական էր Մյասնիկյանի կյանքի ավարտը. 1925թ. Աթարբեկյանի և Մոգիլևսկու հետ նա ինքնաթիռով Սուխումի էր մեկնում ներկա լինելու Աբխազիայի խորհուրդների համագումարին: Ինքնաթիռը Սուխումի չհասավ. օդում այրվեց: Երեքն էլ զոհվեցին:

Կան տեսակետներ, թե դա կազմակերպված էր, և ավիավթարի կազմակերպիչներից մեկն ինքը՝ Լավրենտի Բերիան էր, որն այդ ժամանակահատվածում կարողացավ շատ հայտնի գործիչների և մտավորականների մեղադրել «տրոցկիզմի, ժողովրդի թշնամու և հակահեղափոխական» լինելու մեջ՝ շատ հաճախ անձամբ ստորագրելով նրանց դատավճիռը: Խորհրդային Միության կայացման առաջին օրերին իսկ «Կոմունիստական ողջույններով» իր «զինակիցներին» գրած նամակներում Ուլյանով Լենինը իր սիրելի Կոբային /Ստալինին/ և Զինովևին գրում էր. «Պետք է խրախուսել տեռորի եռանդը և զանգվածային բնույթը»: Նրա «զինակիցներն» այդպես էլ վարվում էին՝ խորհուրդներում ստեղծելով համայնական մահվան ու վախի մթնոլորտ, որի առաջին զոհերից էր լուսավոր գործիչ Մյասնիկյանը: