Չինաստանում ամերիկացին մահացել է կորոնավիրուսից

Չինաստանի Ուհան քաղաքում ԱՄՆ քաղաքացի է մահացել նոր տեսակի կորոնավիրուսի պատճառով։ Այս մասին հայտնել է Նյո Յորք Թայմսը՝ վկայակոչելով Պեկինում ԱՄՆ դեսպանատանը:

Հրապարակման համաձայն, հինգշաբթի մահացած ամերիկացին մոտ 60 տարեկան էր։

«Մենք անկեղծ ցավակցություն ենք հայտնում նրա ընտանիքին այս կորստի կապակցությամբ», – ասել է դեսպանության խոսնակը, ով նշել է, որ դիվանագիտական ներկայացուցչությունը ավելի մանրամասն տեղեկատվություն չի ներկայացրել՝ ընտանիքի անձնական կյանքի գաղտնիությունից ելնելով:

Հիշեցնենք, որ 2019 թվականի դեկտեմբերի 31-ին Չինաստանի իշխանությունները Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը  տեղեկացրել են Հուբեյի նահանգի Ուհան քաղաքում անհայտ թոքաբորբի բռնկման մասին: Մասնագետները պարզել են հիվանդության պատճառը 2019-nCoV կորոնավիրուսն է: Չինաստանում վարակվել է ավելի քան 34,5 հազար մարդ, նրանցից 722-ը մահացել է: