Իր դեմ ցուցմունք տալու համար Թրամփն աշխատանքից հեռացրել է մի քանի անձանց

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը աշխատանքից հեռացրել է աշխատակազմի մի քանի պաշտոնյաների, որոնք նրա դեմ ցուցմունք են տվել իմպիչմենտի գործընթացի ընթացքում։ Շաբաթ օրը այս մասին հայտնել է «Ասոշիեթիդ պրես»-ը:

Գործակալությունը մեջբերում է Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի փաստաբան Ալեքսանդր Վինդմանի հայտարարությունը, ով հրավիրվել է Սպիտակ տուն, որտեղ էլ նրան խնդրել են լքել պաշտոնը: Հեռացվել է նաև նրա եղբայրը Յուջինը, ով աշխատել է Սպիտակ տան իրավաբանական գրասենյակում:

Բացի նրանցից, աշխատանքից ազատվել է ԵՄ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Գորդոն Սանդլենդ: «Այսօր ինձ տեղեկացրել են, որ նախագահը մտադիր է անհապաղ ինձ հետ կանչել ԵՄ-ում ԱՄՆ ներկայացուցչի պաշտոնից», – ասված է Սանդլենդի հայտարարության մեջ, որի մասին մեջբերում է «Ասոշիեթիդ պրես»-ը:

Սպիտակ տան խոսնակ Ստեֆանի Գրիշամը այս շաբաթվա սկզբին նշել է, որ Թրամփը ուրախ է, որ նրա դեմ դատավարությունն ավարտված է, և որ «ինչ-որ մեկը, հավանաբար, ստիպված կլինի վճարել դրա համար»:

Հիշեցնենք, որ փետրվարի 5-ին ամերիկացի սենատորները իմպիչմենտի լսումների ընթացքում  արդարացրեցին ԱՄՆ-ի նախագահին։

Հավելենք նաև, որ Դեմոկրատները իմպիչմենտի գործընթացը նախաձեռնել էին 2019-ի սեպտեմբերին այն բանից հետո, երբ հայտնի դարձավ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ Թրամփի հայտնի հեռախոսազրույցը: Զրույցի ընթացքում Թրամփը հորդորել է Զելենսկուն սկսել հետաքննություն ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենի և նրա որդու՝ Հանթերի դեմ։

Թրամփը մեղադրվում էր լիազորությունները չարաշահելու և Կոնգրեսի հետաքննությանը խոչընդոտելու մեջ: