Առանց սիրո՝ ոչինչ․ Վահան Տերյան

Միայն սիրով կարելի է անել ամեն ինչ, առանց սիրո՝ ոչինչ․ այսպիսին էր Վահան Տերյանի ապրելու բանաձևը։

Այս տարի լրանում է բանաստեղծ Վահան Տերյանի 135-ամյակը։ Նա ծնվել է 1885 թ․ փետրվարի 9-ին, Ախալքալաքի Գանձա գյուղում, Փարվանա լճից քիչ հեռու։

Նրա պոեզիայի մեջ արևի ջերմություն կա, ինչպես Չարենցն էր հիշում․ «Երբ անչափ տխուր եմ լինում, բացում եմ դարակումս պահված Տերյանի ձեռագրերը, նայում, կարծես արեգակն է պահված դարակումս․․․ Տերյանը մի ամբողջ կուլտուրա է, նա բարձր տեսակ է, իսկական փղոսկր, կրկնել չի կարելի»։

Նրա հրապարակախոսական հոդվածներն այնքան այժմեական են, բարձրացրած հարցերը մեզ համար հրատապ ու արդիական։ «Եթե եվրոպական ազդեցության տակ ընկնենք, կկորցնենք մշակութային առանձնահատկությունը, մեր լեզուն, կդառնանք ապազգային մասսա, կամ էլ կզարգացնենք առաջնայինը՝ մերը, հետո կզարգացնենք մյուս ազգերի մշակույթը և կմտնենք եվրոպական ազգերի շարքն իբրև կուլտուրական ազգ»։

Վահան Տերյանը սիրում էր շեշտել, որ իր երկերի առաջին ընթերցողն ու գրաքննադատը եղել է մեր ժողովրդի մյուս ականավոր զավակը՝ Ալեքսանդր Մյասնիկյանը: Ի դեպ նրանք ծնվել են նույն օրը։ Մյասնիկյանը կարևորելով Տերյանի հասարակական գործունեությունը՝ «Իզվեստիա» թերթում գրել է ․«Ընկեր Տերյանը մեծ արժեք էր ներկայացնում հայ իրականության մեջ, որտեղ նրա անունը մեծ հեղինակություն է վայելում: Նա փայլուն և խոշոր հայ բանաստեղծ է՝ խիստ ընդգծված մոդեռնիստական գունավորմամբ»: Հիշատակենք, որ հենց Մյասնիկյանի ջանքերի շնորհիվ Տերյանի արխիվը մահից անմիջապես հետո Մոսկվայից տեղափոխվեց Երևան: Վերջին պարագան վերաբերում է նաև Էջմիածնի ձեռագրերի վերադարձին (Մոսկվա էր տեղափոխվել պատերազմի պատճառով):

«Ով մի անգամ խմել է Տերյանի բանաստեղծական բաժակից, նա երբեք չի մոռանա նրա երգերի մեղմությունը, նրա հուզաշխարհի ջերմությունը,նրա բանաստեղծությունների հմայիչ նվագակցությունը»,-գրել է Գեղամ Սարյանը։

 Պատրաստեց Սիրանույշ Եղիազարյանը