«Մանկական Եվրատեսիլ 2010»-ի հաղթող Վլադիմիր Արզումանյանը կմասնակցի «Դեպի Եվրատեսիլ» նախագծին

«Մանկական Եվրատեսիլ 2010»-ին Հայաստանին հաղթանակ բերած Վլադիմիր Արզումանյանն արդեն 21 տարեկան է և այս տարի ուժերը կփորձի «Դեպի Եվրատեսիլ» նախագծում՝ Հայաստանը «Եվրատեսիլ 2020»-ին ներկայացնելու համար։

2010 թ․ նա իր «Մամա» երգով Մինսկում հաղթող դարձավ 14 մասնակիցների մեջ, և նրա շնորհիվ «Մանկական Եվրատեսիլի» պատմության մեջ առաջին անգամ 2011 թ․ մրցույթը տեղի ունեցավ Հայաստանում:

Նա 2010 թ․ մասնակցել է նաև «Նոր Ալիք» մրցույթին և հայտնվել լավագույն եռյակում՝ դրանից հետո ևս շարունակելով  երգչի իր կարիերան:

Հանրային հեռուստաընկերությունը, հանդիսանալով Եվրոպական հեռարձակողների միության (ԵՀՄ) լիիրավ անդամ, որոշում է կայացրել անցկացնել «Եվրատեսիլ 2020» երգի մրցույթի հայաստանյան պատվիրակի ազգային ընտրություն և հնարավորություն ընձեռել բոլոր ցանկացող արտիստներին ներկայացնել իրենց երգերը։ Ամիսներ շարունակ տևած հայտագրման ընթացքում Հանրային հեռուստաընկերությունը ստացել է մասնակցության 53 վավեր հայտ (հայտարարված վերջնաժամկետից հետո ստացված հայտերը չեն դիտարկվել): Ժյուրին, դիտարկելով բոլոր հայտերը, առանձնացրել է 12 լավագույն մասնակիցներին: Հայտերը դիտարկելիս հաշվի են առնվել մրցույթի կանոնակարգով սահմանված չափանիշները. ներկայացված հայտի համապատասխանությունը մրցույթի կանոններին և ժամկետներին, երգի համապատասխանությունը մրցույթի ձևաչափին, ժանրային և կերպարային բազմազանությունը։

Վլադիմիր Արզումանյանը մրցույթին հանդես կգա «What՚s Going On  Mama»  երգով:

«Դեպի Եվրատեսիլ 2020» նախագծի եզրափակիչ փուլը կկայանա փետրվարի 15-ին՝ ժամը 22:00-ին, Առաջին ալիքի ուղիղ եթերում:

«Եվրատեսիլ 2020»-ը տեղի կունենա Նիդերլանդներում: Կիսաեզրափակիչները՝ մայիսի 12-ին ու 14-ին, եզրափակիչը՝ 16-ին: