Սա անձնական վիրավորանք է իմ, ժողովրդի և հեղափոխության հասցեին․ Փաշինյանն անդրադարձել է Վերմիշյանի ձերբակալությանը

Այսօր Կառավարության նիստում վարչապետ Փաշինյանն անդրադառնալով Հայաստանի քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանի ձերբակալությանը՝ նշեց․ «Սա մի կողմից, տխուր, վիրավորական, մյուս կողմից ուրախ իրադարձություն է։ Տխուր է, որ ժողովրդի անունից գործող պաշտոնյան կարող է ձեռքը երկարացնել կեղտոտ գործարքի համար, վիրավորական է, որ ՀՀ դրոշի և զինանշանի ներքո գործող պաշտոնյան կարող է վարչապետի կողմից շնորհվող վաստակավոր շինարարի կոչում ստանալու հարցում  աջակցելու համար վերցնել 5000 դոլար կաշառք, և վարչապետին միջնորդություն ներկայացնել այդ անձին վաստակավոր շինարարի կոչում շնորհելու վերաբերյալ։ Սա անձնական վիրավորանք է՝ իմ հասցեին, ՀՀ ժողովրդի, հեղափոխության հասցեին, և նման վիրավորանք հասցրած անձինք պետք է ենթարկվեն խստագույն պատասխանատվության։ Ուրախ իրադարձություն է այն առումով, որ եթե ՀՀ-ում կար որևէ մեկը, որ կասկածում է կոռուպցիան արմատախիլ անելու մեր կամքին և վճռականությանը, հույս ունեմ՝ այդ մարդիկ հասկացան, որ ամեն ինչ շատ ավելի լուրջ է, քան նրանք կարող են պատկերացնել»,-ամփոփել է վարչապետը։