«Իմ քայլը» հետ է կանչել ԱԺ արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված նախագծերը. արտահերթ նիստը չմեկնարկած ավարտվեց

«Իմ քայլը» խմբակցությունը հետ է կանչել ԱԺ արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված նախագծերը: Արտահերթ նիստն ավարտվեց, քանի որ օրակարգում այլ հարց չկար:

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը նշեց, որ պատգամավորների նախաձեռնությամբ հրավիրվել էր ԱԺ արտահերթ նիստ, որի օրակարգում ընդգրկված էր երկու հարց, սակայն ԱԺ կանոնակարգ օրենքի 68-րդ հոդվածի 1-ին մասի, 7-րդ կետի համաձայն նախաձեռնողն այսօր առավոտյան հետ է կանչել արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված նախագծերը: Հաշվի առնելով, որ նիստի օրակարգում այլևս հարց չէր մնացել, նիստը համարվեց ավարտված:

«Ըստ երևույթին, ինչ-որ տեխնիկական խնդիրների պատճառով են նախագծերը հետ կանչվել, այսօր առավոտյան նախաձեռնողը նոր, համանման, ոչ բովանդակային փոփոխություններով օրենքի նախագիծ է դրել շրջանառության մեջ և ,Իմ քայլըե խմբակցությունը միջնորդել է կրկին հրավիրել ԱԺ խորհրդի արտահերթ նիստ, որը տեղի կունենա մեկ ժամից, որտեղ քննարկելու ենք այսօր ԱԺ արտահերթ նիստ գումարելու հարցը»,- ասաց Արարատ Միրզոյանը: