«Առա՛նց ինքնահաղթահարման՝ անկարելի է որևէ այլահաղթահարում»․ Այսօր Հայկ Ասատրյանի 120 ամյակն է

Հոգեբանորեն ստրուկը նա չէ, որին քաղաքականորեն ծանր մի դրություն է պարտադրված, այլ նա՛, որ անձնիշխան դառնալու խռովք չունի։

Հայկ Ասատրյան

Այսօր հայ հասարակական-քաղաքական գործիչ, խմբագիր, փիլիսոփա Հայկ  Ասատրյանի 120-ամյակն է։ 20-րդ դարի 30-ական թվականների Հայկական ցեղային շարժման գաղափարական գործիչների մեջ իր հզոր իմացականությամբ և վառ արտահայտված անհատականությամբ առանձնացող Հայկ Ասատրյանը` «Նժդեհի գլխավոր, գուցեև միակ խորհրդատուն», եղել է Գարեգին Նժդեհի հիմնադրած Ցեղակրոնության գաղափարակիցը։ Խմբագրել է պարբերականներ, Նժդեհի հետ՝ հատկապես նշանավոր «Ռազմիկ» կիսաշաբաթաթերթը (1937-1944 թթ.)։ Համատեղ հիմնադրել և քարոզել են Տարոնական շարժում կամ Տարոնականություն հայրենասիրական գաղափարական հոսանքը, տպագրել «Ցեղ և հայրենիք» ամսագիրը։

Հայկ Կիրակոսի Ասատրյանը ծնվել է 1900 թ. փետրվարի 5-ին, Ալաշկերտի գավառի Երից գյուղում, արմատները Տարոնից են: Ութ տարեկանում կորցնում է հորը, որը գյուղապետն էր, և քրոջ ու եղբոր հետ մնում է մոր խնամքին: Նախնական կրթությունն ստացել է տեղի վարժարանում, որն ավարտելուց հետո մտնում է Հ.Յ.Դ. Աշակերտական միության շարքերը: Այնուհետև ուսումը շարունակում է Երևանի թեմական դպրոցում: Հայաստանի Հանրապետության օրերին Հայկ Ասատրյանը` Աշակերտական կազմակերպությունից որպես պատգամավոր, մասնակցում է Հ.Յ.Դ. 9-րդ Ընդհանուր ժողովին: 1918-1919 թթ․, նրա խմբագրությամբ, Երևանում լույս է տեսնում Հ.Յ.Դ. Աշակերտական միության օրգան «Շանթ» թերթը։ Ակտիվ մասնակցություն է ունեցել 1921 թ. փետրվարյան ապստամբությանը, այնուհետև բնակություն հաստատել Բուլղարիայում և Ռումինիայում՝ Գ․ Նժդեհի մոտ։ Բուլղարիայի հետ է կապված նրա ազգային-քաղաքական գործունեության ամենաբեղուն և եռանդուն շրջանը: Հ. Ասատրյանը ուսուցչություն էր անում Սոֆիայի Գևորգ Մեսրոպ ճեմարանում և, միաժամանակ, Հ.Յ.Դ. տեղի ԿԿ քարտուղարն էր: Հետագայում ավարտում է Բեռլինի բարձրագույն քաղաքական դպրոցը և Պրահայի համալսարանի փիլիսոփայության բաժինը՝ փիլիսոփայական գիտությունների դոկտորի կոչումով։

Ասատրյանը գործուն մասնակցություն է ունեցել ֆաշիստական այն քարոզչության ժխտման գործում, որի համաձայն իբրև թե հայերը ոչ թե հնդեվրոպական (արիական), այլ սեմական ծագում ունեն, և որը կարող էր սպառնալիք դառնալ հայերի ջարդի համար, ինչպես այդ տեղի ունեցավ հրեաների հետ։ Ասատրյանը հեղինակել է «Հայաստան-Արիական նախադիրք Առաջավոր Ասիայում» գիրքը, որի առաջին մասը լույս է տեսել 1943 թ. Սոֆիայում, Նժդեհի առաջաբանով, իսկ երկրորդ մասը մնացել է անտպագիր։

Ասատրյանը եղել է նաև ՀՅԴ Բալկանների կենտկոմի անդամ, ունեցել է տարաձայնություններ գործընկերների հետ, ինչ պատճառով հեռացվել է կուսակցությունից (1935 թ.)։ 1944 թ. Բուլղարիայում ձերբակալվել է «Սմերշի» կողմից և դատապարտվել տասը տարվա ազատազրկման։ Մինչև 1955 թվականը տառապել խորհրդային բանտերում։ 1956 թ. հունվարի 13-ին Հայկ Ասատրյանը վախճանվում է սրտի կաթվածից: Մահվան պահին, երկինք նայելով, երեք անգամ բացականչում է. «Ա՜խ, Հայաստա՜ն…»:

Հ. Ասատրյանը խորապես ընկալել է Նժդեհի ուսմունքը և կարծես նրա գաղափարների մեկնիչն է հանդիսացել: Նժդեհի երկու մենագրությունների վերաբերյալ («Ցեղի ոգու շարժը», «Ամերիկահայությունը-Ցեղը և իր տականքը») Հ. Ասատրյանի մեկնաբանություններն ու խորհրդածությունները դրա հավաստումն են: