Կենդանաբանական այգում անկած ուղտը տուբերկուլոզով հիվանդ է եղել

Երևանի կենդանաբանական այգին արձագանքել է ուղտի անկման մասին լուրերին:

«Սույն թվականի հուվարի 30-ին «Երևանի կենդանաբանական այգի» ՀՈԱԿ-ի «Սմբակավորներ» ստորաբաժանման երկսապատ ուղտերից մեկը /1գլուխ էգ, տարիքը՝ 20/ անկել է:

Կենդանու ներքին օրգաններից վերցրված նմուշներն ուղարկվել են ԿԵ Սննդի անվտանգության տեսչական մարմնի «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ: Մանրադիտակային հետազոտությամբ ներկայացված նմուշներում հայտնաբերվել են տուբերկուլոզի հարուցիչներին բնորոշ մանրէներ:

Ներկա պահին Կենդանաբանական այգին ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ՝ հիվանդության դեմ կանխարգելիչ աշխատանքներ իրականացնելու ուղղությամբ»,- տեղեկացրել են Կենդանաբանական այգուց՝ նշելով, որ նորությունների դեպքում հանդես կգան լրացուցիչ հայտարարությամբ: