Ձմեռային անվադողեր չունենալու համար՝ 20 հազար դրամ տուգանք. նոր կարգավորման առաջարկ ՃՈ ոլորտում

ԱԺ-ում քննարկվում է «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:

Նախագիծի հեղինակ ԲՀԿ խմբակցության անդամ Արթուր Դալլաքյանի խոսքով՝ այն նախատեսում է տուգանքներ՝ սահմանված նորմերի խախտման դեպքում:

Իսկ նորմերը հետևյալն են.

«Դեկտեմբերի 1-ից մարտի 31-ը վարորդները պարտադիր վերազինված լինեն ձմեռային անվադողերով և «մոտակա» լուսարձակները միացված լինեն: Սահմանվում է վարչական տույժ 20 հազար դրամ այն վարորդների համար, ովքեր չեն երթևեկի ձմեռային անվադողերով և 52 000 դրամ նրանց համար, ովքեր կվարեն առանց «մոտակա» լուսային լապտերները միացնելու»,- ասաց նա:

«Երեկվա վթարային իրավիճակը ցույց տվեց, որ հիմնավոր է նման նորմի ընդունումը, իսկ տարբեր երկրներում փորձը ցույց է տվել, որ լապտերները միացնելը 13-17 տոկոսով նվազեցնում է վթարները: Եվրոպական երկրների 60 տոկոսը վերազինված է այս նորմով, իսկ տարվա 365 օրը միացված են լուսային լապտերները, այնինչ առաջարկվող օրենքն առաջարկում է 4 ամիս»,- օրենքի նախագիծը ներկայացնելիս ասաց Արթուր Դալլաքյանը: