Փաշինյանի թիրախում պետության զավթումն է (տեսանյութ)

Ո՞վ է վարչապետը, նա միապետ չէ, երևի վարչապետն ինքը խառնում է միապետի հետ

«Եկեք հստակեցնենք, որ միանձնյա կառավարման նպատակն ամբողջովին ենթարկեցնելն է բոլոր հաստատությունները»,- ասաց ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան, «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը և հավելեց, որ ինքն ամաչում է կառավարության որոշ ներկայացուցիչների փոխարեն, որոնք տեսնելով այդ ամոթալի դրսևորումները, չեն արտահայտվում։

Տիկին Ալավերդյանի հավաստմամբ, պարզվեց, կա մի հաստատություն, որն օրենքով էլ, կազմով էլ պատրաստ է կանգնել իր գործառույթային բարձունքի վրա, թույլ չտալ, որ կոպտորեն և ցինիկաբար ոտնահարվի Սահմանադրությունը, և ահա այդպիսի իրավիճակն այնքան անսպասելի է եղել իշխանության եկած այս խմբի համար, որ վարչախումբը սկսել է մեկը մյուսի հետևից քայլեր կատարել ՍԴ-ի ու նրա նախագահի դեմ։ Նշելով, որ վարչապետն այսօր ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի առնչությամբ հայտարարում է՝ ՍԴ նախագահը իր տեղում չէ, այդ պաշտոնին չպետք է լինի, Լարիսա Ալավերդյանն ասաց․

«Ո՞վ է վարչապետը, նա միապետ չէ, երևի վարչապետն ինքը խառնում է միապետի հետ, պետի վրա է շեշտը դրվել։ Վարչապետը հիմա հանդգնում է և փորձում է ոտնահարել Սահմանադրությունն իր ամենակարևոր, 1-ին մասով, նա խախտում է, նա չունի այդ լիազորությունը, որով հայտարարի՝ Սահմանադրական դատարանի նախագահը տեղում է, թե ոչ»։

ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպանը տարակուսած է՝ այդ ի՞նչ մոգական ձևով Հրայր Թովմասյանը ՍԴ նախագահ չպետք է լինի․․․

«Գիտեք, կան ձևեր, օրինակ, ձերբակալում, ազատազրկում, բայց մենք հասկանո՞ւմ ենք, չէ՞, որ դա հանցագործություն է, ընդ որում, պետականության դեմ, պետության դեմ»,- ասաց հիշյալ ՀԿ-ի գործադիր տնօրենը։

Մանրամասները՝ տեսանյութում