«Միասին կարող ենք կյանքեր փրկել»․ 3000 մարդ միացել է քաղցկեղի դեմ պայքարի ֆլեշմոբին

ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը փետրվարի 4-ին՝ քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրը նախաձեռնել է ֆեյսբուքյան ֆլեշմոբ «Միասին կարող ենք կյանքեր փրկել» խորագրով, որին միացել է ավելի քան 3000 մարդ։ Ֆլեշմոբի մասնակիցները լուսանկարվել են «Ժպիտների քաղաք» հիմնադրամի շահառու քաղցկեղ ունեցող երեխաների նկարներով և տեղադրել ֆեյսբուքյան էջերում։ Այդ մասին հայտնել է Աննա Հակոբյանի գրասենյակը:

Նախաձեռնությանը միացել են ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյան, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը, Միգրացիոն ծառայության ղեկավար Արմեն Ղազարյանը, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը,  ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը, ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը, պատգամավորներ, Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը, Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական, Սոս Սարգսյանի անվան համազգային, Երևանի պետական կամերային թատրոնների դերասանները, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետային խումբը, Հայաստանի պարի պետական անսամբլը, Վաստակավոր կոլեկտիվ «Հայաստանի պարարվեստի բարեկամություն» պետական անսամբլը, ԲԿՄԱ ֆուտբոլային ակումբը, Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի զինհաշմանդամները, բժիշկներ, երգիչներ, երգահաններ, դիզայներներ, շոու բիզնեսի ներկայացուցիչներ, հաղորդավարներ, հասարակական տարբեր ոլորտներում ակտիվ գործունեություն ծավալող անձինք, ուսանողներ, հարյուրավոր քաղաքացիներ։

Ֆլեշմոբի պաստառների լուսանկարներն արվել են երեխաների և նրանց ծնողների համաձայնությամբ։