«Արցախի ազատություն» կուսակցությունը նախագահական ընտրություններին սատարելու է Արայիկ Հարությունյանին

Այսօր՝ փետրվարի 4-ին, Ստեփանակերտի «Արմենիա» հյուրանոցի նիստերի դահլիճում կայացել է «Արցախի ազատություն» կուսակցության նիստը:

«Արցախպրեսի» տեղեկացմամբ, միջոցառմանը բացման խոսքով հանդես է եկել «Արցախի ազատություն» կուսակցությունից Զավեն Ռուբենյանը:

Նրա խոսքով՝ իրենք կուսակցության հիմնադիր համագումարի ժամանակ հայտարարել էին, որ ակտիվ մասնակցություն են ունենալու ընթացիկ տարվա մարտի 31-ին կայանալիք համապետական ընտրություններին:

«Կուսակցության գործադիր մարմինը քաղաքական որոշում կայացնելու նպատակով օրեր առաջ անց է կացրել խորհրդակցություններ, ինչպես նաև հանդիպումներ ենք ունեցել մեր շրջանային պատասխանատուների հետ: Քննարկումների ընթացքում գրեթե բոլորի կողմից կարևորվել է, որ Արցախի ապագա նախագահը պետք է ունենա քաղաքական մեծ փորձառություն, պետության առաջ ծառացած սոցիալ-տնտեսական խնդիրներից շատ լավ տեղեկացված լինի, ունենա բավարար կամք և վճռականություն՝ ինչպես արտաքին սպառնալիքների պարագայում Արցախի տարածքային ամբողջականությունը պահպանելու, այնպես էլ ադրբեջանա-ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացում մեր ժողովրդի շահերը լիակատար կերպով ներկայացնելու և պաշտպանելու առումներով: Հաշվի առնելով այս ամենը՝ «Արցախի ազատություն» կուսակցության գործադիր մարմինը միաձայն որոշում է կայացրել առաջիկա նախագահական ընտրությունների ժամանակ սատարել «Ազատ հայրենիք» կուսակցության կողմից առաջադրված նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանին, իսկ խորհրդարանական ընտրություններին համանուն կուսակցության հետ մասնակցել դաշինքով: Այս որոշումը կայացնելու համար բավարար հիմք է հանդիսացել ավելի քան մեկ տասնամյակում Ա. Հարությունյանի ծավալած գործունեությունը»,-ասել է Զ. Ռուբենյանը:

Միջոցառմանը ներկա «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը, դիմելով ներկաներին, մասնավորապես  ասել  է. «Շնորհակալություն եմ հայտնում վստահության համար: Պետք է կարևորել այն խնդիրները, որոնք ծառացած են մեր երկրի առջև՝ անվտանգություն, կայուն տնտեսական աճ, սոցիալական արդարություն: Այդ ամենի հիմքում մենք դնելու ենք մեր նախընտրական ծրագիրը, որն առաջիկայում կներկայացնենք: Ուզում եմ վստահեցնել, որ այն տեսլականը, որն այսօր կա և որի վրա ձևավորվող ծրագիրը լինելու է իրատեսական և հավակնոտ, հիմք է դառնալու ժողովրդի առջև ծառացած գլխավոր խնդիրների լուծման վերաբերյալ հստակ ժամնակացույց մշակելու և քայլեր ձեռնարկելու համար: Այդ ամենը մենք կյանքի ենք կոչելու միասնական ուժերով: Հավաստիացնում եմ, որ միասին մեզ հաջողվելու է ստեղծել այն երկիրը, որը մեր սերունդները ժառանգելու են՝ այդ ամբողջ ժամանակահատվածում հիշելով մեր կատարած աշխատանքը»: