ԱՄՆ Արևմտյան շրջանի Հայ դատի հանձնախումբը կոնգրեսական մրցապայքարում հավանություն է տվել Դեն Ջանջիգյանի թեկնածությանը

ԱՄՆ Արևմտյան շրջանի Հայ դատի հանձնախումբը հավանություն է տվել հայազգի Դեն Ջանջիգյանի՝ Ներկայացուցիչների պալատում Տեխաս նահանգի 31-րդ կոնգրեսական շրջանից ընտրվելու որոշմանը:

«Որպես Հայոց ցեղասպանությունը վերապրածների ժառանգ՝ Դեն Ջանջիգյանը հաստատակամ է Կոնգրեսում Ցեղասպանության ճանաչմանն ուղղված աշխատանքը շարունակելու հարցում»,-հայտարարել է ԱՄՆ Արևմտյան շրջանի Հայ դատի հանձնախմբի ղեկավար Նորա Հովսեփյանը:

Ինչպես հայտնել է asbarez.com-ը, քաղաքական մրցապայքարում նրա մրցակիցն է լինելու կոնգրեսական Ջոն Կարտերը, որը Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված բանաձևի ընդունմանը դեմ քվեարկած սակավաթիվ կոնգրեսականներից մեկն է:

Ջանջիգյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել ԱՄՆ Արևմտյան շրջանի Հայ դատի հանձնախմբին՝ իր քաղաքական արշավին հավանություն տալու համար:

Դեն Ջանջիգյանը ծնվել է Չիկագոյում, մեծացել` Հյուսիսային Կալիֆոռնիայում, իսկ վերջին 15 տարին ապրում է Տեխասում: Նախկինում զբաղվել է սպորտով, դերասանությամբ, իսկ այժմ աշխատում է առողջապահական ոլորտում՝ որպես մենեջմենթի գծով խորհրդատու:

Միացյալ Նահանգների և Հայաստանի Հանրապետության երկքաղաքացի Ջանջիգյանը ցանկանում է Կոնգրեսում պայքարել Հայոց ցեղասպանության արդարության համար, ինչպես նաև կենտրոնանալ կլիմայական փոփոխությունների, առողջապահական, միգրացիոն համակարգերի բարեփոխման ուղղությամբ:

Տեխասում Դեմոկրատական կուսակցության փրայմերիզը (բաց նախնական ընտրություն) կկայանա մարտի 3-ին: