Ունենք հստակ կարծիք և անվանական կարող ենք նշել, թե որ դատավորից ինչ կարելի է սպասել (տեսանյութ)

Հասարակությանը գոհացնող որոշումներ են կայացնում՝ խեղաթյուրելով իրավաբանությունը

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հաղորդաշարի հյուրն է փաստաբան Լուսինե Վիրաբյանը։ Օրերս Մարդու իրավունքների պաշտպանը, անդրադառնալով  հունվարի 29-ին Հանրային հեռուստաընկերության «Լուրեր» թողարկման ժամանակ եթեր հեռարձակված «ՀՔԾ-ն մանրամասներ է ներկայացրել Հրայր Թովմասյանի մեղադրանքից» վերտառությամբ տեսանյութի կապակցությամբ ՍԴ նախագահի փաստաբանի հրապարակային հայտարարության և դիմում բողոքին, նշել է, որ այդ ռեպորտաժում լուրջ խախտումներ են եղել՝ մասնավորապես անձի անմեղության կանխավարկածի հետ կապված։ Ռեպորտաժում ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանն արդեն մեղադրվում էր նոտարների գործով կոռուպցիոն գործարքների ու գործողությունների համար՝ առանց դատարանի՝ իրավական ուժի մեջ մտած որոշման։ Ի դեպ, ինչպես Արման Թաթոյանն է հաղորդագրության մեջ նշել, անձի անմեղության կանխավարկածի խախտումը կիրառելի պրակտիկա է դարձել մեզանում հեղափոխության օրերից սկսած, և բարձր պաշտոնյաներն անգամ չեն խուսափել և չեն խուսափում տարբեր նախկին կամ ներկա պաշտոնյաների մասին պատասխանատու իրավական հայտարարություններ անել՝ նրանց մեղադրելով տարբեր հանցանքներում։ Վերջերս էլ թե վարչապետը, թե ԱԺ փոխնախագահը հերթական նման հայտարարություններն արեցին՝ վստահաբար նշելով, թե Հրայր Թովմասյանն ակնհայտ կեղծիքով է նշանակվել իր պաշտոնին։ Փաստաբանը դա քննադատելի երևույթ է համարում՝ ասելով, որ եթե նախկինում նման պրակտիկա կար նեղ մասնագիտական շրջանակում, օրինակ՝ ոստիկանության կամ իրավապահ համակարգի այլ  ներկայացուցչի կողմից կարող էր անձի անմեղության կանխավարկածը խախտվել, ապա այսօր քաղաքական համակարգն է խառնվում դատական համակարգի որոշակի գործընթացներին։

«Մենք միշտ խոսել ենք անմեղության կանխավարկածի խախտման դեպքերի մասին, դրանք շատ մեծ թիվ են կազմել։ Անձամբ իմ գործերի հետ կապված դեպքեր եմ ունեցել, և դրանցից մեկն էլ պետության համար շատ ամոթալի էր։ Ընդամենը մեկ տարի առաջ պաշտպանյալներիցս Մհեր Դերձյանի  հետ կապված անմեղության կանխավարկած էր խախտվել։ Ոստիկանությունն իր պաշտոնական կայքէջի միջոցով հաղորդագրություն էր տարածել քրեական գործի վերաբերյալ և դա պարունակում էին այնպիսի արտահայտություններ, կարծես ամբողջ մեղադրական եզրակացություն էր։ Այնինչ մեկ տարի քննություն տանելով՝ մինչև այժմ անձը որևէ կարգավիճակ չունի։ Եթե այդքան հաստատուն էր հանցակազմը, ի՞նչն էր խանգարում, որ մեկ տարում որոշում կայացվեր։ Փաստորեն գործը չունի ապացուցողական փաստ, բայց բոլորը սենսացիա են ման գալիս և շտապում անմեղության կանխավարկածը խախտել։ Եթե քաղաքացու իրավունքը չի  կարող պաշտպանվել պետության կողմից, նաև բարձր պաշտոնյաներն են նման արատավոր պրակտիկա որդեգրել, ոչ ոք ապահովագրված չէ, որ իր իրավունքները նույնպես կարող են կոպտագույն ձևով խախտվել»,- ասաց Լուսինե Վիրաբյանը։

Ըստ նրա՝ եթե նման ոչ պրոֆեսիոնալ արարքի համար մեկ-երկուսը պատասխանատվության ենթարկվեն, ապա անմեղության կանխավարկածի խախտման պրակտիկան համատարած չի լինի։ Ցավոք, քրեական օրենսգրքով անմեղության կանխավարկածի խախտման համար պատասխանատվություն չի նախատեսվում, բայց մենք ունենք անմեղության կանխավարկածի սկզբունքը՝ վավերացված մի շարք միջազգային կոնվենցիաներով, որը նախատեսում է որոշակի վերաբերմունք և որի խախտումը բացասաբար է ազդում երկրի իրավական վարկանիշի վրա։

Փաստաբանը խոսեց նաև դատական համակարգում առկա այլ արատավոր երևույթների մասին, որոնք նպաստում են անձի արդարադատության իրավունքի կոպտագույն խախտումների։ Շատերն են դժգոհում, որ երբեմն արդարադատության հաստատմանը ստիպված են լինում շատ երկար սպասել՝ ընդհուպ մինչև տասնյակ տարիներ՝ դատարանների գերծանրաբեռնված լինելու պատճառով։ Դատական համակարգի ծանրաբեռնվածությունը կապ ունի նաև հետաքննության և նախաքննության մարմինների անօրինական որոշումների հետ։

Մանրամասները՝ տեսանյութում