Արցախում կանցկացվի կավագործության երրորդ միջազգային սիմպոզիումը

Ընթացիկ տարվա հունիսի 20-ից հուլիսի 6-ը Արցախում երրորդ անգամ կանցկացվի «ԲրուտԱրտ» կավագործության միջազգային սիմպոզիումը, որը կազմակերպվում է «Նարեկացի» արվեստի միության Շուշիի մասնաճյուղի և ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության համատեղ նախաձեռնությամբ:

Այս մասին «Արցախպրեսի» տեղեկացմամբ, ասել է «Նարեկացի» արվեստի միության ադմինիստրատոր Անի Կապլանյանը:

Նրա խոսքով՝ սիմպոզիումին մասնակցելու համար հայտերն արդեն իսկ ընդունվում են: Մասնագիտացված հանձնաժողովը մասնակցության հայտ ներկայացրածներից կընտրի ընդամենը 10 արվեստագետի։

«Աշխատանքները, որոնք կստեղծվեն կավագործության միջազգային սիմպոզիումի շրջանակներում, մասնակիցներին արտահայտվելու ավելի լայն հնարավորություններ կտան՝ հատկապես քանդակագործության ոլորտում։ Աշխատանքները կյանքի կոչելու համար կտրամադրվեն համապատասխան նյութեր՝ կավե զանգվածներ՝ տարբեր տեխնոլոգիական ոլորտների և բարձր ջերմաստիճանի համար, ինչպես նաև էլեկտրոնային և փայտե ջեռոցներ` կավը թրծելու համար։ Ընտրված աշխատանքները երկարաժամկետ կցուցադրվեն Շուշիի կերպարվեստի պետական թանգարանում և Շուշիի «Նարեկացի» արվեստի միությունում»,- մանրամասնել է Ա. Կապլանյանը:

Կապլանյանը տեղեկացրել է, որ Երևանից Շուշի տրանսպորտային, կեցության և սննդի ծախսերը կհոգան կազմակերպիչները։ Մասնակցության հայտում պետք է ներկայացնել կավե աշխատանքների 10-15 բարձր որակի լուսանկար, ինքնակենսագրական /CV/, փառատոնների, մրցույթների կամ ուսուցողական դասընթացների մասնակցության մասին հավաստագրեր։