Ավարտվել է «Որսորդ» կտավը հանցավոր ճանապարհով ձեռք բերելու և իրացնելու դեպքի առթիվ հարուցված քրգործի նախաքննությունը

ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացրել է, որ ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է Յակուբ Անդրիաս Մելխիոր Բրասաուի՝ «Որսորդ» կտավը ակնհայտ հանցավոր ճանապարհով ձեռք բերելու և իրացնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Երևան քաղաքի բնակիչը՝ ծնված 1963 թ., 1984 թ. ՀՀ ազգային պատկերասրահից չպարզված հանգամանքներում հափշտակված առանձնապես խոշոր չափերով՝ 7.500.000 ՀՀ դրամ գնահատված,  Յակուբ Անդրիաս Մելխիոր Բրասաուի վրձնին պատկանող «Որսորդ» կտավը ձեռք բերելով, այն մինչև 2019 թ. գարուն պահել է իր մոտ: Վերջինս, գումար ձեռք բերելու նպատակով Երևան քաղաքի 47-ամյա և 37-ամյա բնակիչների հետ նախնական համաձայնությամբ, մտադրվել է իրացնել ակնհայտ հանցավոր ճանապարհով ձեռք բերված կտավը: 2019 թ. հունիսի 13-ին, ժամը 19.00-ի սահմաններում, 37-ամյա տղամարդը Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայի սրճարաններից մեկում հանդիպել է գնորդին և կտավի իրացման համար պահանջել 60.000 ԱՄՆ դոլար: 25.000 դոլար փոխանցելուց հետո, գնորդը հայտնել է, որ գումարի մյուս մասը կփոխանցի կտավի բնօրինակ լինելու հանգամանքը ստուգելուց հետո: Նույն օրը գնորդի հետ հանդիպելուց և կտավի բնօրինակ լինելու հանգամանքը պարզելուց հետո, 37-ամյա տղամարդը բերման է ենթարկվել ՀՀ ազգային անվտանգության ծառայության Երևան քաղաքի վարչություն:

Բացի դրանից, 1963 թ. ծնված տղամարը, 2019 թ. մայիսին ապօրինի ձեռք է բերել և իր բնակության վայրում պահել ռազմամթերք հանդիսացող «Ф-1», «РГ-42» և «РГД-5» տեսակի ձեռքի բեկորային մարտական նռնակների համար նախատեսված պայթուցիչ, որը կատարված խուզարկությամբ հայտնաբերվել է վերջինիս բնակության հասցեում:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 1963 թ. ծնված տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 216-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 235-րդ հոդվածի 1-ին մասով, մյուս երկու տղամարդկանց՝ 216-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին։