Լարվածության գլխավոր պատճառը ՍԴ-ի վրա աննախադեպ ճնշումներն են, բայց ոչ իշխանության կողմից գործադրվող

Այսօր լրագրողների հետ զրույցում ՀՀ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն անդրադառնալով ԵԽԽՎ զեկուցողների մտահոգություններին՝ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակին՝ նշեց, որ կարևորում է երեք դիտարկումներն էլ․«Առաջինն այն է, որ զեկուցողները մեր նպատակը՝ 2015 թվականի Սահմանադրության փոփոխություններ իրականացնելը, ամբողջությամբ լեգիտիմ է։ Երկրորդը՝ Հայաստանում սկսված բարեփոխումները չպետք է վտանգվեն այս ճգնաժամի արդյունքում»։

Նախարարն ընդհանուր առմամբ տպավորություն է ստացել, որ ԵԽԽՎ-ի համար հայաստանյան իշխանության մոտեցումները հասկանալի են և շեշտված է հանգամանքը, որ խորհրդարանն ու կառավարությունը մինչ այս պահը գործել են իրավաչափ դաշտում։

Լրագրողների դիտարկմանը, թե խոսվում էր լարվածության, ճնշումների մասին, նախարարն արձագանքեց․«Ակնհայտ է, որ կա լարվածություն, ըստ իս լարվածությունն առաջանում է, քանի որ քաղաքական գործչին բնորոշ ձևակերպումներ են հնչում ՍԴ-ից՝ խրամատի զինվոր, էդ ի՞նչ խրամատ է, ումի՞ց են պաշտպանում, ի՞նչը»։

Լարված իրավիճակի գլխավոր պատճառը, ըստ նախարարի, այն աննախադեպ ճնշումներն են, որոնք գործադրվում են Սահմանադրական դատարանի այն դատավորների վրա, ովքեր կարող են դիմել վաղ կենսաթոշակի․«Նկատի ունեմ, որ բոլոր մեթոդներով փորձում են այդ քայլից զերծ պահել դատավորներին, իսկ դա արվում է տարբեր լրատվամիջոցների կողմից, տարբեր նյութերի տարածմամբ»։ Հարցին, թե իշխանության կողմից ճնշումներ չկա՞ն, նախարարն ասաց․«Ո՛չ, չկա, եթե կա՝ ցույց տվեք, տեսնենք»։