Apple-ը Չինաստանում փակել է խանութները կորոնավիրուսի պատճառով
Ամերիկյան Apple ընկերությունը որոշել է կասեցնել Չինաստանի իր գրասենյակների և խանութների աշխատանքը կորոնավիրուսի բռնկման պատճառով: Այս մասին շաբաթ օրը հայտնել է Բլումբերգը-ը։
Որոշումն ուժի մեջ կլինի մինչև փետրվարի 9-ը: Բացի դրանից, ընկերությունը որոշել է սահմանափակել իր աշխատակիցների ճանապարհորդությունը Չինաստան: Ընկերությունը պարբերաբար ստուգելու է Չինաստանում գտնվող իր աշխատակիցների ջերմությունը:
Միևնույն ժամանակ, Apple-ի առցանց խանութը Չինաստանում կշարունակի գործել սովորականի նման:
Նշենք, որ անցած տարվա դեկտեմբերին Չինաստանի Ուհան քաղաքում (Հուբեյ նահանգ) թոքաբորբի բռնկում էր գրանցվել: Ավելի ուշ պարզվել է, որ հիվանդության պատճառը նախկինում անհայտ տեսակի կորոնավիրուսն է:
Ըստ վերջին տվյալների՝ Չինաստանում նոր տեսակի կորոնավիրուսի հարուցած թոքաբորբով հիվանդների թիվը կազմել է գրեթե 12 հազար մարդ, մահացել՝ ավելի քան 250 մարդ: