Սամվել Բաբայանը Փաշինյանին քծնելու մեջ առաջ է ընկնում նախագահի մյուս թեկնածուներից

Պետք է ազնվորեն խոստովանել, որ ես միշտ հարգանքով ու ակնածանքով եմ վերաբերվում բոլոր այն մարդկանց, ովքեր որևէ կերպ մասնակցել են Արցախյան ազատամարտին ու մեզ պարգևել են հաղթանակի բերկրանքը, որից մենք զրկված ենք եղել դարերով։ Առավելևս ինձ համար սրբություն են այն մարդիկ, ովքեր այդ պատերազմում ցուցաբերել են հերոսություն, ստացել հերոսի կոչում և միաժամանակ կրում են գեներալի ուսադիրներ։ Իհարկե, ժամանակներն ու բարքերը  երբեմն այնպես են փոխվում, որ հերոսներին ու գեներալներին մենք ոչ միայն չենք կարողանում արժանին մատուցել, այլև հայտնվում են մարդիկ, ովքեր նրանց ոչ միայն չեն գնահատում, այլև կասկածելի հանգամանքներում, ստանձնելով իշխանության ղեկը, նրանց վարկաբեկում են, երբեմն նույնիսկ բանտեր են նետում ․․․

Բայց խոսքս ամենևին դրա մասին չէ, այլ այն մասին, թե ինչպես հերոսն ու գեներալը հենց ինքը կարող է կերպարանափոխվել ու բացառապես անձնական ամբիցիաներից դրդված՝ անել գործողություններ կամ ասել բաներ, որոնք հարիր չեն ոչ բանական մարդուն, ո՛չ գեներալին, առավելևս՝ հերոսին։ Այժմ մի հայտարարության մասին, որն արել է Արցախի հերոս, գեներալ Սամվել Բաբայանը:

Ցանկություն չկա անդրադառնալու հայտարարության մեջ պարոն Բաբայանի կողմից արված շատ մտքերի, որոնք անչափ խնդրահարույց են և իրականության հետ կապ չունեցող, բայց մի դրվագի անպայման ուզում եմ անդրադառնալ։ Հարկավ, պարոն Բաբայանը մեծագույն ցանկություն է ունեցել առաջինն արձագանքել վարչապետ Նիկոլ Փաշինյանի կապանյան մամուլի ասուլիսին, ավաղ, ուշացրել է և որպեսզի կոմպենսացնի իր ուշացած արձագանքի «բացասական հետևանքները», որոշել է այլ կերպ քծնել ու իր ծառայություններն առաջարկել Նիկոլ Փաշինյանին։

Պարոն գեներալ, Դուք միշտ ջանացել եք ցույց տալ, որ ամենագետ եք, տիրապետում եք շատ լուրջ տեղեկատվության և հանկարծ  պարզվում է, որ Նիկոլ Փաշինյանի շուրթերից առաջին անգամ  լսեցիք, ինչ-ինչ դավադրությունների մասին, առ այն, որ նախկին երեք նախագահները ցանկացել են հանձնել ազատագրված տարածքները, որ դա ցանկացել են նաև Արցախի նախկին ղեկավարները, որ Ձեզ իբրև թե 20 տարի է, հեռացրել են մեծ քաղաքականությունից, որպեսզի չխանգարեք նրանց այդ ազգակործան գործունեությանը։

Ընդ որում սարսափելին այն է, որ առավել մեծագույն քծնանքով, որը մինչև այժմ դեռ ոչ մեկը չէր արել, պնդում եք, որ թավշյա հեղափոխությունը ու անձամբ Նիկոլ Փաշինյանը  փրկեց Արցախն ու հայ ժողովրդին։ Սա էլ կարելի է տանել, իսկ ինչո՞ւ եք Ձեր հետագա անգրագետ թելադրության մեջ հող նախապատրաստում Նիկոլ Փաշինյանի համար, թե խեղճը այլևս ճար չունի և ստիպված է նախկինների դավադիր գործը շարունակել, այլապես պատերազմն անխուսափելի է լինելու, իսկ կորուստները՝ անդառնալի, Արցախը ծախելու և գումարի չափի մասին Ձեր հայտարարությունն անչափ հետաքրքիր էր, դրանով երևի ուզում եք ասել․ «Պարոն Փաշինյան, ես ավելի լավ գործ տվող եմ, քան ուրիշները», զավեշտալի է։

Ինչ ասեմ, պարոն գեներալ, քիչ էր մնում՝ որևէ մեկը Հայաստանի ու Արցախի նախկին ու ներկա  իշխանություններին համոզեր, որ Սամվել Բաբայանը անկախ մարդ է, հայրենասեր ու հայրենանվեր, ու կարծեք թե նրա մոտ դա արդեն ստացվում էր։ Շտապեցիք, պարոն Բաբայան, շտապեցիք։

Իսկ Ձեր հայտարարության խութերին խոստանում եմ առանձին-առանձին անդրադառնալ՝ հետագայում․․․

 Ֆեյք լրագրող