Գերմանացի խորհրդարանականները կասկածվում են Ադրբեջանից գումար ստանալու մեջ

Գերմանիայի Բունդեսթագը անձեռնմխելիությունից զրկել է Քրիստոնեադեմոկրատական միություն կուսակցության պատգամավոր Կարին Շտրենցին, որը մեղադրվում է կաշառակերության և Ադրբեջանի շահերի համար լոբբինգ իրականացնելու համար: Այս գործով անցնում է նաև Քրիստոնեասոցիալիստական միության կուսակցության նախկին պատգամավոր Էդուարդ Լինթները: Այս մասին տեղեկացրել է Deutsche Welle գերմանական մեդիաընկերությունը։

Բունդեսթագը հինգշաբթի՝ հունվարի 30-ին, պառլամենտական անձեռնմխելիությունից զրկել է Քրիստոնեադեմոկրատական միություն կուսակցության պատգամավոր Մեկլենբուրգ-Առաջավոր Պոմերանիայից Կարին Շտրենցին (Karin Strenz)։ Անցած տարի խորհրդարանը Շտրենցին տուգանել է 20 հազար եվրոյով։ Նա մեղադրվում է Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) ի շահ Ադրբեջանի լոբբինգ կատարելու համար առնվազն 22 հազար եվրո կաշառք վերցնելու մեջ:

Նրա հետ այս գործով անցնում է Բավարիայի Քրիստոնեասոցիալիստական միության կուսակցության Բունդեսթագի նախկին պատգամավոր, ներքին գործերի նախարարի խորհրդարանական նախկին պետքարտուղար Էդուարդ Լինթները (Eduard Lintner):

Լինթները, դատախազության տվյալներով, 2008-2016 թթ․ Ադրբեջանից ստացել է մոտ 4 միլիոն եվրո բրիտանական կեղծ ֆիրմաների միջոցով, որոնք հաշիվներ ունեին Բալթյան երկրների բանկերում: Այս փողի զգալի մասը նա ուղղել է ԵԽԽՎ առանձին անդամներին, որոնք պետք է դրական խոսեին Ադրբեջանում անցկացվող ընտրությունների մասին և դեմ արտահայտվեն այդ երկրում քաղբանտարկյալներին ազատ արձակելու պահանջներին:

Կաշառակերության և Ադրբեջանի շահերը պաշտպանելու գործում կա նաև երրորդ կասկածյալ, ում անունը քննությունը դեռ չի բացահայտում: Նա մեղադրվում է կեղծ ընկերություն ստեղծելու և իր փաստաբանական գրասենյակի միջոցով բանկային հաշիվներ բացելու մեջ՝ Ադրբեջանից դրամական միջոցներ ստանալու և ԵԽԽՎ-ի անդամներին կաշառելու համար: