Մեր երկրում բարեփոխումներ պետք է անեն իշխանությունները, կառավարությունը, ոչ թե Սորոսը (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հաղորդաշարի հյուրն է «Հանուն սոցիալական արդարության» կուսակցության նախագահ Արման Ղուկասյանը։ Նա անդրադարձավ «Բաց հասարակություն հիմնադրամներ Հայաստան» կազմակերպության նախագահ Լարիսա Մինասյանի ասուլիսի ժամանակ հնչեցրած հայտարարություններին՝ նշելով, որ դրանք ակնհայտ սուտ են և վկայում են, որ հիմնադրամում խուճապի մեջ են։

«Տիկին Մինասյանն ասուլիսի ընթացքում բավականին կեղծիքներով հանդես եկավ։ Չգիտեմ՝ դա միտումնավոր արեց, թե փորձեց լրագրողների հարցերից փախչել։ Սորոսի հիմնադրամը մեզանում զբաղված է մեր երկրի ներքին գործերի մեջ խառնվելով։ Ի՞նչ գործ ունեն նրանք մեր Ազգային անվտանգության ծառայության, ոստիկանության հետ, ի՞նչ բարեփոխումներ են իրականացնում, ինչո՞ւ պետք է այդ բարեփոխումներն անի մի մասնավոր հիմնադրամ, մի մարդու փողերով, որը Ադրբեջանի նախագահի հետ բավականին սերտ կապեր ունի։ Այդ բարեփոխումները պետք է անեն Հայաստանի իշխանությունները, կառավարությունը»,- ասաց կուսակցության նախագահը։

Ըստ նրա՝ աշխարհում Սորոսի կողմից ֆինանսավորվող կազմակերպությունների գործունեությունից դատելով՝ կարելի է հստակ պատկերացում կազմել, թե որն է այդ հիմնադրամի նպատակը։ Մեզ նման երկրի համար, որը դեռ ոչ այնքան կայուն ու ուժեղ ձևավորված պետականություն ունի, այդպիսի հիմնադրամները վտանգ են պետականության, ինքնիշխանության համար։

Արման Ղուկասյանի դիտարկմամբ՝ Լարիսա Մինասյանն իր ասուլիսի ժամանակ մանիպուլյացիաների դիմելով՝ փորձեց մոլորեցնել հասարակութանը և իրենց շահեկան լույսի տակ ներկայացնել։ Մինչդեռ ասուլիսից հետո նա ավելի շատ հեղինակազրկվեց՝ ակնհայտ ստեր խոսելով։

Հեղափոխությունից հետո հիմնադրամից սնուցվող կազմակերպություններն ավելի ագրեսիվ, հարձակողական քաղաքականություն են իրականացնում և երբեմնի այդ հիմնադրամի ֆինանսավորած կառույցների ղեկավարներին ու ներկայացուցիչներին իշխանությունների, կառավարության մեջ ներդնելով՝ փորձում են ի վերջո կյանքի կոչել իրենց ապապետական ծրագրերը։

«Թե կառավարությունում, թե ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունում բավականին շատ մարդիկ կան, որոնք դիրքավորվել են որպես վեցերորդ շարասյան ներկայացուցիչներ։ Ուստի Նիկոլ Փաշինյանն առաջին մարդն է կառավարությունում, որը պետք է շահագրգռված լինի նրանց և նրանց գործունեությունը վերահսկելու հարցում։ Որոշ ժամանակ անց, երբ այդ դիրքավորումներն ավելի ամրապնդվեն, վարչապետի վարկանիշը կտրուկ անկում ապրի, ես չեմ կասկածում՝ Նիկոլ Փաշինյանը կփոխարինվի այլ քաղաքական գործչով, ղեկավարով, որը կգնա բոլոր զիջումներին և քայլերին, որոնք պետք են արտաքին ուժերին։

Մանրամասները՝ տեսանյութում